Wednesday, April 29, 2009

Նույնիսկ ճգնաժամի պայմաններում բանկի տնօրենը լավատես է











«Կանխատեսումներ անելն այնքան էլ շնորհակալ գործ չէ: Այն, ինչ վերաբերում է 2008 թ.-ին, պետք է ասեմ, որ Հայաստանն ընդհանուր առմամբ, արժանապատվորեն գլուխ հանեց բանկային համակարգին ուղղված առաջին հարվածից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:

Վ. Օվսյաննիկովը, չնայած առկա ֆինանաստնտեսական բարդ իրավիճակին, նշեց, որ լավատես է` Հայաստանի ֆինանսական հետագա զարգացումների առումով:

«Կարծում եմ, որ Հայաստանի ֆինանսական համակարգը դիմակայել է առաջին հարվածին` հատկապես իրացվելիության և կապիտալիզացիայի առումով, և բանկերն ունեն բավարար ռեսուրսներ իրենց գործունեությունն ու հետագա ֆինանսավորումն ապահովելու համար», - մանրամասնեց Վ. Օվսյաննիկովը:

Բանկի նախագահը չցանկացավ կանխատեսումներ անել նաև մակրոէկոնոմիկայի բնագավառում, ընդգծելով, որ «չի կարող ասել, թե ինչ կլինի Հայաստանում»: Նա նշեց, որ բոլորին է հայտնի Կառավարության կողմից ներկայացված հաշվետվություններն այն մասին, որ տեղի են ունենում անկումներ, հատկապես արտահանման բնագավառում, ինչպես նաև ցածր են կրեդիտավորման ծավալները:

«Այժմ բանկերը ֆինանսավորման հետ կապված ընդհանուր առմամբ խնդիրներ չունեն: Օրինակ, մենք տիրապետում ենք զգալի ռեսուրսների: Սակայն հարցը նրանում է, թե ու՞մ տալ գումար, ինչպիսի՞ պարտքառուներին տալ և ինչպիսի՞ մոտեցումներով գնահատել ռիսկերը` հիմնականում կապված այդ միջոցների վերադարձելիության հետ», - հայտնեց Վ. Օվսյաննիկովը:

Վ. Օվսյաննիկովի կարծիքով` բանկային համակարգի տեսանկյունից, առաջին հերթին խնդիրն այս տարի կլինի «կրեդիտավորման փաթեթի ռիսկերի հաշվման խստացումը և փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորման ավելացումը»:

Չնայած դժվարություններին, բանկի նախագահը տեղեկացրեց, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն շարունակելու է ընդլայնել իր գործունեության ծավալները, որոնք հիմնականում կլինեն փոքր և միջին բիզնեսի կրեդիտավորումների տեսքով: Բացի այդ, Վ. Օվսյաննիկովի խոսքերի համաձայն, բանկը նաև ֆինանսավորելու է մի շարք շինարարական ծրագրերի իրագործումը, որոնց առնվազն 50 տոկոսն արդեն իրականացված է:

Ըստ Վ. Օվսյաննիկովի, Հայաստանը հնարավորություն ունի դիմակայել ֆինանսատնտեսական ճգնաժամին, որի համար «բավարար հիքեր կան», իսկ «ՎՏԲ-Հայաստնան բանկը» կաշխատի պահպանել այն մակարդակը, որին հասել է 2008 թ-ի ընթացքում:

29.04.2009, 16:10

Aysor.am

No comments:

Post a Comment