Tuesday, March 31, 2009

Ցուցահանդես` նվիրված Ադանայի կոտորածի 100-ամյակին

«Նարեկացի» արվեստի միությունը «Ոգեկոչում արվեստի շնչով» խորագրով միջոցառումների շրջանակներում կազմակերպում է ցուցահանդես` նվիրված Ադանայի նահանգում իրականացված հայկական կոտորածի 100-ամյա տարելիցին: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց «Նարեկացի» արվեստի միության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաիրա Հայրապետյանը:

Ցուցահանդեսի բացումը տեղի է ունենալու ապրիլի 20-ին:

Ինչպես տեղեկացրեց Ն. Հայրապետյանը, ցուցահանդեսին մասնակցել ցանկացողները կարող են տարբեր ժանրերի ստեղծագործություններով ներկայացնել իրենց պատկերացումները և զգացողությունները 1909 թ.-ին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված ողբերգական իրադարձությունների մասին:

«Նախնական ինֆորմացիա հավաքելու ժամանակ նկատեցինք, որ տեղեկատվության ահռելի պակաս կա. պատմաբաններից շատ քչերն են անդրադրձել այս թեմային, շատ քիչ լուսանկարներ են պահպանվել»,- հայտնեց Ն. Հայրապետյանը և ընդգծեց, որ իրենց նպատակն ուղղակի ցուցահանդես կազմակերպելը չէ. «Առկա բացը լրացնելու համար մենք պատրաստում ենք տեսանյութ, որը պատմաբանների մեկնաբանությունների, պահպանված նյութերի օգնությամբ պատմելու է օրվա մասին»:

Տեղեկացնենք նաև, որ տեսանյութը կներկայացվի ցուցահանդեսի բացման օրը, իսկ ցուցահանդեսին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև մարտի 31-ը:

ԱՅՍՕՐ, 16:52

Aysor.am

No comments:

Post a Comment