«Գումարը վերցնում ենք, մի մասն այդ գումարի տալիս ենք գումար տվողների փորձագետներին, մի մասը յուրացողներին, արդյունքում ունենում ենք անօրակ ճանապարհ և պարտք` մեր երեխաների ուսերին: Ո՞վ է այս գումարները փակելու և որքա՞ն գումար ենք դեռ մենք պայմանագրերով վավերացնելու», - հարցրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, ով պատգամավորներին կոչ էր անում դեմ քվեարկել «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի» ֆինանսավորման համաձայնագրին:
Տեղեկացնենք, որ 2009 թ-ի փետրվարի 26-ին ստորագրված` ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրն այսօր ընդգրկվել է ԱԺ չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի քառօրյա նիստերի օրակարգում:
Նշենք նաև, որ սույն ծրագիրը ֆինանսավորվում է Միջազգային զարգացման ընկերակցության` Ֆինանսական ճգնաժամին արագ արձագանքման հիմնադրամի միջոցներով, որի նպատակն է «արդիականացնել և վերականգնել կենսական նշանակության ավտոճանապարհային ցանցի ընտրված հատվածները և ստեղծել ժամանակավոր աշխատատեղեր` ճանապարհային շինարարության ոլորտում»: Ծրագրի շրջանակներում Հայաստանի 7 մարզերում վերականգնվելու են շուրջ 100 կմ ավտոճանապարհներ` ապահովելով շուրջ 39 բնակավայերի ճանապարհային կապը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի կարծիքով, «Հայաստանի անկախությունից հետո առաջին խոշորածավալ և մինչ օրս շատ լավ ծառայող ճանապարհաշինական աշխատանքը, որ կատարվել է, ԼՂՀ-ՀՀ ճանապարհի վերանորոգման աշխատանքն է»:
«Դրանից հետո, որքան մենք շարունակեցինք ճանապարհների կառուցումը, այնքան կառուցումն ընդամենը դարձավ միջոց գումարների յուրացման», - հավելեց Ա. Մարտիրոսյանը և ընդգծեց, որ, այնուամենայնիվ, գումարների ծախսման վերահսկումը պետք է իրականացնի ընդդիմությունը, քանի որ «այլ ճանապարհ գոյություն չունի աշխարհի վրա` հատկապես Հայաստանում»:
17.03.2009, 14:32
No comments:
Post a Comment