Tuesday, March 31, 2009

Երեխաները կոչ են անում խնամել և պահպանել բնությունը










Հայաստանի տարբեր մարզերից 11-16 տարեկան երեխաների` բնության պահպանման վերաբերյալ «Արևի հետքերով» հեքիաթների ժողովածուի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր` Խնկո Ապոր մանկական գրադրանում:

«Արևի հետքերով» հեքիաթների գիրքը կոչված է երեխաներին և մեծահասակներին ուշադիր և զգոն դարձնել բնության և շրջակա միջավայրի նկատմամբ: Հեքիաթների գլխավոր հերոսը բնությունն է` իր գեղեցկությամբ, խնդիրներով, մարդու հետ հավերժական կռվով ու բարեկամությամբ:

Ինչպես տեղեկացրեց Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը` գրքում շոշոփված խնդիրն ավելի լայն զանգվածների հասցնելու համար ստեղծվել է նաև գրքի աուդիո տարբերակը և www.savethenature.am վեբ կայքը:

«Կայքը հնարավորություն է տալիս բազմաթիվ երեխաներին շփվելու, բնության պահպանման վերաբերյալ իրենց կարծիքները, նկարները փոխանակելու և դրանք կայքում տեղադրելու համար: Իսկ գրքի աուդիո տարբերակը, որը ևս ստեղծել են երեխաները, նվեր է բոլոր երեխաներին` երեխաների կողմից, մասնավորապես փոքրիկ երեխաներին և այն երեխաներին, ովքեր խնդիրներ ունեն տեսողության հետ»,- մանրամասնեց Ռ. Խաչատրյանը, ով նաև նշեց, որ բոլոր գրքերը` թե տպագիր, թե աուդիո, նվիրվելու են Հայաստանի գրադարաններին:

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին, ողջունելով նախաձեռնությունը, տեղեկացրեց, որ գերմանական դեսպանատունը նախաձեռնել է գրքի գերմաներեն թարգմանության ծրագիրը: Դեսպանը նշեց նաև, որ հաջորդ երեք ամիսների ընթացքում կազմակերպվելու են գերմանական շաբաթներ երեխաների համար, և վստահեցրեց, որ ցանկացած նմանատիպ նախաձեռնություն կօժանդակվի դեսպանատան կողմից:

«Արևի հետքերով» գրքի ռուսերեն թարգմանության մասին ներկաներին տեղեկացրեց Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ժողովրդավարացման հարցերով խորհրդական Սվեն Հոլդերը:

Շնորհանդեսին իրենց անակնկալ նվերը մատուցեցին Խնկո Ապոր գրադարանի թատերական խմբակի երեխաները: Նրանք ներկաների դատին հանձնեցին գրքի հեքիաթների հիման վրա ստեղծված փոքրիկ բեմականացումները:

Նշենք, որ «Արևի հետքերով» հեքիաթների գիրքը ստեղծվել է Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության համատեղ իրականացվող «Պահպանիր բնությունը» քարոզարշավի շրջանակներում:

27.03.2009, 20:21

Aysor.am

No comments:

Post a Comment