Monday, March 30, 2009

Հեղինե Բիշարյանն է գլխավորում ՕԵԿ ընտրական ցուցակը

«Օրինաց երկիր»-ն այսօր կուսակցության Երևանի քաղաքային կազմակերպության կոնֆերանսին հայտարարեց Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցության սեփական ընտրական ցուցակը: 101 անդամից բաղկացած ցուցակը գլխավորում է կուսակցության փոխնախագահ, ԱԺ-ում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Երկրորդ հորիզոնականում առաջադրվել է բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր առողջապահական գիտությունների թեկնածու Հենրիկ Բակունցը, երրորդում` տնտեսական գիտությունների դոկոր Գրիգորի Վահանյանը:

ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ներկայացնելով ՕԵԿ-ի առաջադրած ցուցակը գլխավորողներին, հայտնեց, որ «հանրության դատին ներկայացնում են ճանաչում ու հարգանք վայելող գործիչների»:

«Մենք այսօր ընտրությունների ենք գնում ամուր, մրցունակ գաղափարներով ու տեսակետներով, որովհետև մենք գիտենք մեր ուժերը, այն բազմահազար քաղաքացիներին, ովքեր միշտ քվեարկել են մեր օգտին: Գլխավորը մեր համախմբվածությունն է, մեր հավատքը, մեր նվիրվածությունը, և փառք ու պատիվ նրանց, ովքեր մեզ հետ միասին` հավատքով և վճռականությամբ, մասնակցելու են մեր պայքարին»,- հայտարարեց Ա. Բաղդասարյանը:

Ընդգծելով, որ ՕԵԿ-ի «պայքարի ճանապարհը օրենքի և արդարության ճանապարհն է, հավատարիմ և արժանապատիվ եղանակով ժողովրդին ծառայելու ճանապարհը, որը մենք անցնում ենք շիտակ և սկզբունքային», Հ. Բիշարյանը նշեց, որ Երևանում առաջին անգամ տեղի ունենալիք քաղաքային կուսակցական ընտրություններին ՕԵԿ-ը ակտիվ մասնակցություն է ունենալու:

«Երևան քաղաքի հիմնախնդիրների լուծման համար կարևորում եմ կանանց դերն ու նշանակությունը, կանացի հոգատարությամբ, մաքրությամբ և նվիրվածությամբ կարող ենք հոգ տանել մեր քաղաքի մասին, կարող ենք լուծում տալ այն բազում խնդիրներին, որոնք ծառացած են մեր առջև և, որոնց լուծման համար հարկավոր է սիրել Երևանն ու երևանցիներին»,- հայտարարեց Հ. Բիշարյանը և հավելեց. «Ես` որպես ՕԵԿ զինվոր, վստահաբար ասում եմ, որ ջանք ու եռանդ չեմ խնայի իմ քաղաքական թիմի նպատակներն ու ծրագրերն իրականացնելու համար»:

21.03.2009, 16:01

Aysor.am

No comments:

Post a Comment