Monday, March 30, 2009

«Ոստիկանների՞, թե՞ հասարակության իրավունքները ընդլայնող օրենք»

«Ամեն անգամ, երբ գալիս է ուժային կառույցի վերաբերյալ նոր օրենք` փոփոխություններով, ես, առնվազն, որպես մարդու իրավունքների դաշտում կայացած անձ, այնպիսի տպավորություն եմ ստանում, որ օրենքը գրվում է նրա համար, որպեսզի հնարավորինս սահմանափակվեն մարդու իրավունքները և ընդլայնվեն զինծառայողի ու ոստիկանի պարտականություններն ու իրավունքները»,- հայտարարեց ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը ««Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթի վերաբերյալ իր ելույթում:

Լ. Ալավերդյանը բացասական է համարում այն, որ «մենք զինծառայողին տալիս ենք անմեկնաբանելի և տարածական մեկնաբանության հնարավորություն տվող նորմեր: Նա հիշեցրեց, որ այս առումով «ամենազարգացած» օրենսդրություններից մեկն ունի ԱՄՆ-ը, որտեղ մանրակրկիտ նկարագրված է, թե ո՞ր դեպքում, ո՞ր մի պաշտոնական անձը ի՞նչ կարող է անել, և կոչ արեց «մեր օրենսդրությունը զարգացնել այդ տրամաբանությամբ»:

Լ. Ալավերդյանը նաև անհասկանալի համարեց ոստիկանության զորքերի ծառայողների այնպիսի պարտականությունների սահմանումը, ինչպիսիք են «մասնակցությունը մարզական, մշակութային և օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը» կամ «մասնակցությունը արտակարգ իրավիճակների կանխման հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին»:

«Ի՞նչ է, դա հրամանո՞վ չի կատարվում: Ի՞նչ է նշանակում արտակարգ իրավիճակների կանխում: Այսինքն` դեռ չհայտարարված արտակարգ իրավիճակ, զորքը միջամտելու՞ է: Այդպիսի իրավունք ո՞վ է տալու նրան»,- հարցրեց Լ. Ալավերդյանն ու հավելեց. «Այսինքն` ցանկացած վայրում, որտեղ հավաքվում է մարդկանց խումբ, կարող է հայտնվել զորքը և կանխե՞լ: էլի անհասկանալի է: Օրենքը պահանջում է խորքային և ոչ միայն իմաստով, այլ ծավալով ընդլայնված և մանրամասն նկարագրություն»:

ԱԺ պատգամավորի կարծիքով, «օրենքը չի կարող գալ և հանգիստ կյանք ստեղծել ոստիկանության համար: Օրենքը պետք է գա և հնարավորինս շատ և լայն իրավունքներ տրամադրի մարդուն, հասարակությանը»: Նա նաև ընդգծեց, որ օրենքի փոփոխությունը պետք է կատարվի այնպես, որ ինքը հասկանա, «թե ե՞րբ և ինչպե՞ս այս կամ այն ծառայողը հայտնվում է այս կամ այն վայրում»:

ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացնող Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «օրինագիծն իսկապես կարևոր է, սակայն «Ժառանգությունը» դեմ է օրինագիծն այս տեսքով ընդունելուն»:

«Ես, օրենքին ծանոթանալուց հետո, եկա այն եզրակացությանը, որ մեզ մոտ պարբերաբար պետք է անցկացվեն ընտրություններ, պարբերաբար այդ ընտրությունները պետք է կեղծվեն, որից հետո պետք է տեղի ունենան զանգվածային անկարգություններ և ներքին գործերի ծառայողները պետք է անմիջապես միջամտեն այդ անկարգություններին»,- հայտնեց Ա. Մարտիրոսյանը:

Ա. Մարտիրոսյանը նաև հայտնեց, որ ինքը «դեմ է ընդհանրապես ներքին զորքերի կողմից զենքի կամ մարտական տեխնիկայի օգտագործելուն` ՀՀ տարածքում, և որ այդ պետք է լինի բացառապես ռազմական դրության պայմաններում, այն էլ` ռազմաճակատում»: Մեջբերելով Մեծ Բրիտանիայի վարչապետներից մեկի` Մարգրետ Թետչերի խոսքը, այն է` «Եթե հավաքվի 5 հազար մարդ, ես նրանց բանի տեղ չեմ դնի, եթե հավաքվի 10 հազար մարդ, ես նրանց կցրեմ, բայց եթե հավաքվի 20 հազար մարդ, ես կգնամ նրանց հետ բանակցություններ վարելու», ընդգծեց.

«Մեր դեպքում հավաքվել էր 100 հազարից ավել մարդ և դա, ըստ իս, 2.2 միլիոն բնակչության մեջ մեծ տոկոս է կազմում»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի կարծիքով, Հայաստանում «ցանկացած զանգվածային անկարգություն հնարավոր է կանխել` առանց զենք կիրառելու», միևնույն ժամանակ նշեց, որ այդ պարագայում կարելի է հասկանալ ջրցան մեքենայի կիրառումը:

18.03.2009, 16:24

Aysor.am

No comments:

Post a Comment