Monday, March 30, 2009

«Ժանգոտ դդում» կինոփառատոնը սահմանափակումներ չի ճանաչում


Ոչ պրոֆեսիոնալ սարքավորումներով նկարահանված ֆիլմերն անտեսված և առանց ցուցադրության չթողնելու համար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Կինո-ֆոտո դպրոցի աշխատակազմը կազմակերպել է «Ժանգոտ դդում» այլընտրանքային կինոփառատոն:

Ինչպես Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կինո-ֆոտո դպրոցի ղեկավար, «Ժանգոտ դդում» կինոփառատոնի կազմակերպիչներից Սոնա Աբգարյանը, փառատոնը չի ճանաչում ոչ մի սահմանափակում: Հայտեր ներկայացնողները, ֆիլմերը պետք է ներկայացնեն AVI, DVD ձևաչափերով, որոնք կարող են նկարահանված լինել բջջային հեռախոսի տեսձայնագրիչով կամ ֆոտոխցիկով` ցանկացած ժանրում, թեմայով և տևողությամբ:

«Փառատոնում չեն ընդգրկվի միայն այն ֆիլմերը, որոնք կարող են ոտնահարել մարդու իրավունքները»,- ընդգծեց Ս. Աբգարյանը:

Ըստ Ս. Աբգարյանի, այժմ ձևավարվում է մշակույթի և կինոյի բնագավառի մասնագետներից բաղկացած ժուրիի կազմ` փառատոնին մասնակից լավագույն աշխատանքները գնահատելու և մրցանակների արժանացնելու համար:

«Մրցանակների համար սահմանվել է 4 անվանակարգ` «Բջջային հեռախոսով նկարահանված լավագույն ֆիլմ», «Լավագույն սցենարական աշխատանք», «Ամենաայլընտրանքային ֆիլմ» և «Ժանգոտ դդում» մրցանակը` լավագույն ֆիլմի համար, որը լավագույնը կլինի բոլոր հատկանիշներով»,- հայտնեց Ս. Աբգարյանը:

Aysor.am-ի այն հարցին, թե ինչու՞ փառատոնն անվանվեց «Ժանգոտ դդում», փառատոնի կազմակերպիչ Ս. Աբգարյանը պատասխանեց, որ անվանումով նրանք փորձել են արտահայտել մասնակից ֆիլմերի որակը, էսթետիկան:

«Փառատոնի վերնագիրը արվեստագետ Գրիգոր Խաչատրյանինն է, ով ավելի լավ կարող է բացատրել անվան խորհուրդը: Սակայն իմ կարծիքով, հենց այդ «ժանգոտն» ինչ-որ առումով արտահայտում է այսօրվա կյանքը»,- մանրամասնեց Ս. Աբգարյանը:

Հնարավո՞ր է, որ մրցանակները տրվեն ժանգոտ դդումների տեսքով հարցին էլ պատասխանեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, դեռևս մշակվում են մրցանակների խորհրդանշի էսքիզները:

Ս. Աբգարյանը տեղեկացրեց նաև, որ փառատոնի բացումը կատարվելու է հունիսի 10-ին` ռոք-համերգով, ֆիլմերը ցուցադրվելու են 4 օր Կինո-ֆոտո դպրոցի Մեդիա կենտրոնում: Նա նշեց, որ մասնակցության մի քանի հայտեր արդեն ներկայացվել են, իսկ ցանկացողները կարող են հայտերը ներկայացնել` մինչև մայիսի 15-ը դրանք տանելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիա կենտրոն կամ ուղարկել zhangotddum@mail.ru էլեկտրոնային հասցեով:

12.03.2009, 17:30

Aysor.am

No comments:

Post a Comment