«Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. նա պետք է դառնար 50 տարեկան։ Ազգային հերոս, պետական և քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանը վառ անհատականություն էր և անուրանալի է նրա անձնական ներդրումը մեր պետության և, մասնավորապես, բանակաշինության գործում։ Նա խիզախ և համարձակ մարդ էր, երբեք չէր թաքնվում իր ընկերների թիկունքում, միշտ ամենաբարդ պահերին մեր ժողովրդի պատմության ծանր խնդիրները վերցնում էր սեփական ուսերին և հաջողությամբ լուծում»,- ՀՀ Կառավարության նիստը սկսելուց առաջ, անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակին, ասաց ՀՀ Կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը:
«Այսօր մի պահ երևի թե խորհելու տեղ կա՝ արդյո՞ք մենք Վազգեն Սարգսյանի, նրա հետ զոհված մեր ընկերների մահից հետո քաղել ենք դասեր։ Արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ անհանդուրժողականությունը, ատելությունը, չարությունը նոր հող են պատրաստում նոր սպանությունների համար։ Արդյո՞ք մենք զգում ենք, որ պատասխանատու ենք, որպեսզի ձևավորենք հանդուրժողականության մթնոլորտ»,-նշեց վարչապետն ու հավելեց, որ «իր քաջ գիտակցությամբ` առաջին հերթին կառավարությունը և իշխանություններն են պատասխանատու համագործակցության, համերաշխության մթնոլորտի ձևավորման համար, այն պարզ պատճառով, որ մենք ունենք լուրջ պետական լծակներ՝ ձևավորելու այդ մթնոլորտը»։
Անհրաժեշտ համարելով քննադատությունը և խոսքի ազատությունը, ինչը կօգնի Կառավարությանը կողքից տեսնել և բացահայտել սեփական սխալներն ու թերությունները, Տ. Սարգսյանը անդրադարձավ նաև թերթերում Կառավարության ու իր հասցեին հրապարակված հոդվածներին:
«Երբ այդ քննադատությունն անցնում է բոլոր սահմանները, երբ մենք բացում ենք թերթերը և տեսնում ենք այնտեղ ոչ թե քննադատություն, այլ նենգ, ստահոդ մեղադրանքներ, ծայրահեղ գնահատականներ, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ, որոնք ունեն մի նպատակ՝ վիրավորել դիմացինին: Այդ չարությունը, անհանդուրժողականությունը ձուլում է նոր փամփուշտներ, լինելու են նոր սպանություններ, եթե մենք չկարողանանք այս մթնոլորտը արմատականորեն փոխել»,- ասաց վարչապետն ու հիշեցրեց, որ ինքը 5 տարի եղել է արմատական ընդդիմության ներկայացուցիչ:
Նա նշեց, որ «իրեն մեղավոր է համարում շատ բաներում և հայցում է է ընդդիմախոսների ներողամտությունը իրենց սխալների, իր անձնական սխալների համար», և ընդգծեց, որ «մենք պետք է լինենք հանդուրժողական, չպետք է այրենք համագործակցության կամուրջները»:
Նա հիշեցրեց նաև հայ ժողովրդի պատմության դասերը, ըստ որոնց, «հաջողությունների հասնում ենք միայն այն պահին, երբ կարողանում ենք ապահովել համագործակցություն»։
05.03.2009, 14:48
No comments:
Post a Comment