Monday, March 30, 2009

Աղի բլիթ ուտելու ավանդույթը












Ավանդության համաձայն՝ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում` այն հույսով, որ երազում տեսնելու են իրենց ապագա հարսնացուին կամ փեսացուին: Աղի բլիթ պատրաստելու և ուտելու մասին տարբեր ավանդույթներ են հայտնի:

«Անպայման աղի բլիթ ուտելու եմ, որպեսզի երազ տեսնեմ»,- ասաց 21-ամյա Լիլիանն ու հավելեց. «Հավատում եմ, որ երազս կիրականանա, որովհետև մայրիկս երիտասարդ ժամանակ, երբ աղի բլիթ է կերել, տեսել է իր ապագա ամուսնուն` հայրիկիս»:

Սովորաբար ընդունված է, որ աղի բլիթները պատրաստում են նորապսակ հարսները կամ ամուրի կանայք: Շատերը նշում են, որ ցանկալի է աղի բլիթ ուտելուց մի քանի ժամ առաջ ծոմ պահել` հաց ու ջուր չխմել, որպեսզի ծարավն ավելի սաստիկ լինի:

«Նա, ով երազում ջուր է տալիս, կդառնա տեսնողի ապագա կինը կամ ամուսինը»,- երազում ապագա կողակցին մյուսներից տարբերելու եղանակը բացատրեց 27-ամյա Կարենը:

Շատերը, իրենց կերած աղի բլիթից մի կտոր դնում են պատուհանին և սպսում` տեսնելու, թե թռչունը, որը կտանի այդ կտորը, որ ուղղությամբ կթռչի: Հավատալիքի համաձայն` հենց այդ ուղղությամբ էլ հարս կգնան կամ այդ կողմերից հարս կբերեն:

Ընդունված է նաև փոխնդով մատուցարան դնել տան տանիքին կամ պատժգամբին և սպասել, որ Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքը հայտնվի փոխինդի վրա: Ասում են, որ դա բախտավորություն կբերի տան երիտասարդներին:

Արարատյան հայրապետական թեմի քահանա Տեր Հակոբ Խաչատրյանը հայկական ավանդույթների պահպանումը դրական է գնահատում, քանի որ, ըստ նրա, շատ կրոնական տոներ, հատկապես Խորհրդային ժամանակաշրջանի տարիներին, պահպանվել են հենց ազգային ավանդությունների շնորհիվ: Տեր Հակոբ քահանան կարևորեց նաև այն, որ ավանդույթի հիմքում ընկած է անձի` իր կամքը Աստծո կամքին հանձնելու հանգամանքը:

«Եթե Աստված ցանկանում է մեզ որևէ բան ասել, կլինի դա թեկուզ մեր ապագա կողակցի մասին, նա կընտրի եղանակ ասելու, որը կարող է և երազը լինել»,- բացատրեց Տեր Հակոբ քահանան:

Հուսով ենք, որ այսօր աղի բլիթ ուտող ցանկացած երիտասարդ, ով ակնկալում է Աստծուց ստանալ իր ապագ կողակցի մասին ինֆորմացիա, վաղը կարթնանա ու կսկսի փնտրել Աստծո մատնանշած էակին: Իսկ ազգային ավանդույթներով հարուստ տոներից մեկը` Ս. Սարգիս Զորավարի տոնը, գալիս է մեկ անգամ ևս փաստելու այն ճշմարտությունը, որ «Քրիստոնեությունը մի է բոլոր ժողովուրդների համար, բայց յուրաքանչյուր ժողովուրդ նրան զգեստավորել է իր տարազով» (Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգեն Ա Հայրապետ):

06.02.2009, 18:30

Aysor.am

No comments:

Post a Comment