Tuesday, March 31, 2009

Հ. Բիշարյան. «Կանայք տղամարդկանց ձեռքը պլեն չեն ընկել»

«Ես ուղղակի չեմ ուզում, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները համարվեն համապետական ընտրություններ: Սա քաղաքապետի ընտրություններ են, և բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեն մասնակցելու ակտիվորեն ու ներկայացուցչական խմբակցությունն ունենալու քաղաքապետարանում», - հայտարարեց «Օրինաց Երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:

Հիշեցնենք, որ Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը մասնակցության համար ՕԵԿ-ի ներկայացրած ցուցակը գլխավորում է ԱԺ-ում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Ցուցակի երկրորդ հորիզոնականում առաջադրվել է բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, առողջապահական գիտությունների թեկնածու Հենրիկ Բակունցը, երրորդում` տնտեսական գիտությունների դոկոր Գրիգորի Վահանյանը:

Հ. Բիշարյանը նշեց, որ «Օրինաց Երկիր» կուսակցությունը, բոլոր քաղաքական ուժերի նման, իր ակտիվ մասնակցությունն է ունենալու Երևանի քաղաքապետի ընտրություններին և վստահ է, որ Երևանի «բոլոր բնակիչները անպայման մասնակցելու են ընտրություններին` զուտ այն առումով, որ իրենց աջակցությունը բերեն այն քաղաքական թիմերին, որոնց ուզում են տեսնել քաղաքապետարանում»:

ՕԵԿ-ն իր նախընտրական ծրագիրն է պատրաստում, որն, ըստ Հ. Բիշարյանի, շուտով կներկայացվի հանրության դատին: Նա հույս հայտնեց, որ «հանրությունում հենց քննարկաման առարկա կդառնան կուսակցությունների կամ քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերը»:

Հ. Բիշարյանն անդրադարձավ նաև իրեն` որպես կին թեկնածու ուղղված քննադատություններին` փաստելով, թե «կին թեկնածուներն այնքան էլ գնահատված չեն մեր հասարակությունում», ընդգծեց, որ, այնուամենայնիվ, «կանայք տղամարդկանց ձեռքը պլեն չեն ընկել»:

«Ես կարծում եմ, որ կանայք կհամախմբվեն և կաջակցեն ինձ: Կարծում եմ, որ կանայք իսկապես ինձ կօգնեն, քանի որ ես իսկապես ունեմ նրանց աջակցության կարիքը, և մենք կարող ենք լուծում տալ ոչ միայն մաքրության խնդրին, այլև Երևանի առջև ծառացած բոլոր խնդիրներին», - ասաց Հ. Բիշարյանը:

Խոսելով նախընտրական ծրագրից, Հ. Բիշայանն ընդգծեց, որ «պետք է չգործի «ով ինչ ուզենա, ով որտեղ ուզենա» սկզբունքը և Երևան ասելով, չպետք է պատկերացնենք միայն Կենտրոնը, այլ պետք է համայնքների համար բարենորոգման աշխատանքներ իրականացվեն` առկա վիճակը բարելավելու համար»:

Հ. Բիշարյանը` չցանկանալով կանխագուշակել, թե ընտրությունների արդյունքում քանի տոկոս ձայներ կարող է հավաքել ՕԵԿ-ը, միայն հայտարարեց, որ իրենք գնում են ակտիվ պայքարի` այն համոզմունքով, որ հաղթելու են:

26.03.09, 12:58

Aysor.am

No comments:

Post a Comment