Tuesday, March 31, 2009

Նոր «Ազդարարը» շարունակում է հայապահպանություն քարոզել

«Այն ժամանակ «Ազդարարի»-ի գլխավոր նպատակն էր հայկական պետականության և ազգային ինքնուրույնության վերականգնումը: Այժմ մենք դա ունենք, և, փոխարենը, «Ազդարարը» որդեգրել է մի ազգանվեր գաղափար` ջավախքահայության գոյատևման և հետագա զարգացման հարցը»,- ասուլիսին հայտնեց «Ազդարար» հանդեսի վերահիմնադիր, գլխավոր խմբագիր Մարտիկ Սարգսյանը, ով ներկայացրեց հին և նոր «Ազդարարների» համառոտ պատմությունը, նմանություններն ու տարբերությունները:

Նշենք, որ առաջին հայալեզու հանդեսը` «Ազդարարը» սկսվել է վերահրատարակվել 2008 թ-ին Կալկաթա քաղաքում: Հիշեցնենք, որ «Ազդարարը» հիմնադրվել և լույս է տեսել 1794 թ-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում: Այն գործել է մինչև 1796 թ-ը` հրատարակելով 18 համար:

Մ. Սարգսյանի խոսքերի համաձայն, արդիական են մնացել դեռևս այն ժամանակվանից քարոզվող գաղափարախոսությունները, որ «կորուսյալ տարածքները միավորվեն մեկ ազգային տերության մեջ, և այնտեղ տիրապետի հայոց լեզուն ու հայկական եկեղեցին», որն այժմ, սակայն, հանդես է գալիս որպես Սփյուռքի համախմբման ու հայապահպանության խնդիր:

«Հանդեսի գերակա խնդիրը ջավախքահայության խնդիրն է: Մենք փորձում ենք այս խնդիրը ներկայացնել խոհեմաբար, լրջորեն, առանց ծայրահեղությունների, որպեսզի ավելի շատ օգուտ տանք, սփյուռքին ծանոթացնենք խնդրի հետ, և ոչ թե վնասենք», - մեկնաբանեց խմբագիրն ու նշեց, որ ջավախքահայության խնդրի համար հանդեսն առաջնորդվում է Շահան Շահնուրի «Լինենք միշտ ձեզ հետ, լինեք մեր կողքին» խոսքերով:

«Ազդարարի» վերահրատարակման առիթով իր գոհունակությունն արտահայտեց ասուլիսն ներկա Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը` նշելով, որ ««Ազդարարը» փորձում է մեր կյանքի զարկերակին համահունչ ընթանալ»:

ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն էլ արժևորեց այն հանգամանքը, որ նոր «Ազդարարում» շեշտը դրվում է սփյուռքի և ջավախքահայերի խնդիրների լուսաբանման ու ներկայացման վրա:


27.03.09, 14:44

Aysor.am


No comments:

Post a Comment