
«Վրացական իշխանությունները, կամ նրանց որոշակի հատված, Ջավախքում սատանա է ստեղծում և սկսում է պայքարել դրա դեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
Նշենք, որ հանդիպման առիթը հայ առաջին պարբերականի` «Ազդարար» հանդեսի վերահրատարակումն էր, որի գերագույն գաղափարախոսությունն է ջավախքահայերի խնդիրներն ու հետագա զարգացումները:
Շ. Թորոսյանն անհասկանալի համարեց վրացական իշխանությունների` մասնավորապես ուժային կառույցների ղեկավարների անընդհատ հնչող այն հայտարարությունները, թե Ջավախքում իրադրությունը վերահսկելի է և այնտեղ ամեն ինչ նորմալ է ընթանում:
«Հարց է առաջնում` ինչու՞ նրանք երբեք չեն ասում, թե իրենց քաղաքներում իրադրությունը վերահսկելի է: Նշանակում է, որ վրացական պետությունը այլ աչքով է նայում Ջախաքին, և ոչ այն աչքով, որ պետք է նայի իր վարչական տարածքի սովորական շրջաններրից մեկին»,- մանրամասնեց պատգամավորը:
Շ. Թորոսյանը վտանգավոր համարեց նաև այն, որ «վրացական իշխանությունները, հերոսի կեցվածք ընդունած, անընդհատ հայտարարում են, որ բռի մեջ և վերահսկելի են պահում Ջավախքը»: Նրա հետևությունների համաձայն` վրացական իշխանությունները «ինքնահաստատվելու, ինքնադրսևորվելու պարարտ դաշտ են գտել, որով հերոսանում և զորեղանում են իրենց հնարության և ընդդիմության առջև»:
Հանդիպմանը ներկա Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը համոզված է, որ հայերի և վրացիների միջև երբեք չի լինելու մաքուր, ազնիվ բարեկամական կապ, և ժամանակն է պարզեցնել երկու երկրների հարաբերությունները:
«Պետք է հասկանալ, որ հայ-վրացական հարաբերությունները կարող են ճիշտ բարեկամական լինել, որին մենք ձգտում ենք, միայն այն դեպքում, երբ կլուծվի Վրաստանում հայության խնդիրը, երբ վիրահայերը, մասնավորապես, ջավախքհայերը, իրենց կզգան պաշտպանված վրացական պետության կողմից»,- հայտարարեց Դ. Սարգսյանն ու ընդգծեց. «Ջավախքահայերը պաշտպանված լինել չեն կարող, քանի որ այդ երկիրը դեռևս չկայացած` ամորֆ վիճակում է, և այնտեղ պաշտպանված չէ ո´չ խոսքի իրավունքը, ո´չ ազատության իրավունքը, ո´չ ժողովրդավարական որևէ ցենզ»:
Դ. Սարգսյանի համոզմամբ` վրացիների կողմից հայերի նկատմամբ իրականացվող ոտնձգությունները կարող են անսանձ հետևանքներ ունենալ և «մի օր ժողովուրդը կարող է պորթկալ և համազոր պատասխան տալ այն բոլոր լպիրշություններին, որոնք կատարվում են իրենց նկատմամբ»:
Ազգային գրադարանի տնօրենի կարծիքով, պետք է «ուշադրության կենտրոնում պահել ջավախքահայության խնդիրները և հոգ տանել հարևան երկրում գտնվող հայկական համայնքի մասին, Ջավախքում ստեղծել պայմաններ, տեր կանգնել մեր ժոովրդին»:
«Մենք կորցրեցին Հնդկաստանի պես մի հսկա գաղութ, ինչը հուշում է, որ Սփյուռքը հավերժ լինել չի կարող»,- ընդգծեց Դ. Սարգսյանն ու ցանկություն հայտնեց, որ Հայաստանը Ջավախքում ունենա հյուպատոսկան ներկայացուցչություն, որի միջոցով պետությունը կարող է մասնակից լինել այնտեղի իրադարձություններին:
27.03.09, 19:14
No comments:
Post a Comment