Monday, March 30, 2009

Եղիշե Չարենցի ծննդյան օրը նշվում է մեծ շուքով


Այսօր լրանում է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 112-ամյակը: Ծննդյան օրվա առիթով բանաստեղծի անվան տուն-թանգարանը կազմակերպել է մի շարք միջոցառումներ:

Ինչպես Aysor-ի հետ զրույցում ասաց Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, միջոցառումները սկսելու են վաղ առավոտից: 11:00-ին Բաղրամյան պողոտայի 33ա հասցեում բացվելու է «Չարենցի մեծ բարեկամ, նրա ձեռագրերի փրկիչ» Ռեգինա Ղազարյանի հուշաքարը: Ապա` ծաղիկներ կդրվեն Ե. Չարենցի հուշահամալիրին, որի մոտ կլինեն ելույթներ, կասմունքեն բանաստեղծի ստեղծագործություններից:

Միջոցառումների շարքը կեզրափակվի բանաստեղծի տուն-թանգարանում: Այստեղ 14:30-ին կլինի մեծ գրողին նվիրված ցուցահանդեսի բացում, այնուհետև դասական երեժշտության համերգ:

Ըստ Լ. Հակոբյանի, ցուցահանդեսին ներկայացվելու են հայ նկարիչների` Չարենցի ստեղծագործությունների մոտիվներով ստեղծված աշխատանքները, իսկ համերգին կհնչեն Չարենցի սիրած ստեղծագործությունները և նրա գրած ստեղծագործությունների հիման վրա ստեղծված գործերը:

Տուն-թանգարանի տնօրենը տեղեկացրեց նաև, որ այսօր թանգարանի մուտքն ազատ է: Բանաստեղծի ծննդյան տոնի կապակցությամբ այս ամիս տուն-թանգարանում զեղչ է հայտարարված` մուտքի արժեքը 500 դրամի փոխարեն արժե 300 դրամ: Լ. Հակոբյանն ընդգծեց, որ` չնայած իրենք այցելուների պակաս չեն ունենում, բայց այս օրերին դրանց թիվն աճել է:

Լիլիթ Հոկոբյանը նշեց նաև, որ այս տարի լրանում է բանաստեղծի տուն-թանգարանի հիմնադրման 45-ամյակը, ինչի առիթով թանգարանը նախատեսում է մայիս ամսին հանդես գալ նոր ցուցադրությամբ:

13.03.2009, 09:22

Aysor.am

No comments:

Post a Comment