Tuesday, March 31, 2009

Տա' Աստված, որ այս ընտրությունները չնմանվեն նախորդներին

«Մենք տեսնում ենք, որ փորձ է արվում աշխատել հասարակական կարծիքի հետ, հաստատել փոխադարձ վստահության մթնոլորտ, ստեղծվում են ինստիտուտներ, որոնք կոչված են դա անել, ցանկացած քաղաքական ուժ ձգտում է ունենալ կառույցներ և իրականացնել ինչ-որ միջոցառումներ, որպեսզի ձեռք բերի վստահություն, ոչ թե միայն համոզի, միայն պարտադրի, միայն թելադրի»,- կարծում է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանը, ով համոզված է, որ Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կիրառվելու են PR տեխնոլոգիաներ և դրանց ազդեցությունը մեծ է լինելու:

Չնայած PR տեխնոլոգիաների կիրառման ասպարեզում նկատելի զարգացումներին, Ա. Սաղաթելյանը փաստեց նաև, որ «բալանսը դեռևս բավարար չէ մասնագետների համար, և քարոզչության ու գովազդի դերն ավելի բարձր է, քան երկխոսության դերը, որը հիմնված է վստահության վրա»:

«Տա' Աստված, որ այս ընտրությունները չնմանվեն մեր Հանրապետության բոլոր ընտրություններին: Երկիրն ու ժողովուրդը բաժանվել է երկու մասի` իրար ատող, իրար չսիրող, իրար մերժող ու իրար չհանդուրժող մի զանգվածի»,- ասաց Ա. Սաղաթելյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրություններին առաջադրված թեկնածուները ավելի շատ կօգտվեն PR տեխնոլոգիաներից, քան նախորդ ընտրությունների ժամանակ:

Նա նաև հույս հայտնեց, որ «քաղաքի պարագայում նման բան տեղի չի ունենալու, որովհետև քաղաքը մեր մաշկին ավելի մոտ գտնվող կառույց է» և հավելեց. «Կարծում եմ, որ այս ընտրությունները տարբերվելու են իրենց և´ տեղեկատվական հագեցվածությամբ, և´ տակտիկական առումներով, և´ կիրառվող բոլոր մնացյալ եղանակներով»:

Նա նշեց, որ քարոզարշավն ընթանալու է «ավելի ռեալ և պրակտիկ բաների վերաբերյալ, որովհետև այստեղ կան ռեալ խնդիրներ, որոնք սպասում են ռեալ լուծումների, մարդիկ ունեն իրենց տեսակետներն ու բոլոր թեկնածուները գնալու են այդ շփումն ապահովելու ուղղությամբ»:

30.03.2009, 17:12

Aysor.am

No comments:

Post a Comment