Այսօր առավոտյան ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում կայացավ Հայաստանի և Իրանի Արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Նշենք, որ Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին պաշտոնական այցով Հայաստանում է` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով:
Էդվարդ Նալբանդյանը` շնորհակալություն հայտնելով պաշտոնակցին հրավերն ընդունելու և Հայաստան այցելելու համար, լրագրողներին տեղեկացրեց, որ Իրանի պատվիրակությունը շարունակելու է հանդիպումները Հայաստանի պետական այրերի հետ, իսկ երեկոյան կրկին հանդիպելու է ՀՀ արտգործնախարարին` սկսված բանակցությունները շարունակելու նպատակով:
«Բանակցությունները, որ մենք վարեցինք, անցան շատ գործնական, ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում: Մենք քննարկեցինք երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր, քննարկեցինք նաև այն հարցերը, որոնք վերաբերում են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանը` հատկապես Թեհրանում կայացած միջկառավարական հանձնաժողովի հանդիպման արդյունքների իրականացման տեսանկյունից», - հայտնեց Էդվարդ Նալբանդյանը:
Է. Նալբանդյանը նաև նշեց, որ իրանցի պաշտոնակցին ներկայացվել են «մեր տարածաշրջանում անվտանգության կայունացման և համագործակցության ամրապնդման հարցերը»:
«Ներկայացվեցին Ղարաբաղի հիմնախնդրի լուծման բանակցային վերջին զարգացումները, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը, որը, մեր կարծիքով, կարող է նաև կարևոր գործոն հանդիսանալ` տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար», - տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարարը:
Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի համար և նշեց, որ վերջին 4 տարիների ընթացքում արդեն 4-րդ անգամն է Հայաստանում: Նախարարն ընդգծեց, որ «երկու երկրների հարաբերությունները հիմնված են պատմական ընդհանուր արմատների և փոխադարձ հարգանքի վրա, որն էլ համագործակցության համար հիմք է հանդիսանում»:
Մանուչեհր Մոթթաքին վերահաստատեց Իրանի նախագահի` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Իրան այցելելու հրավերը, ընդգծելով, որ «երկու երկրների նախագահները հանդիսանում են Իրան-Հայաստան հարաբերությունների նոր փուլի ճարտարապետները»:
13.03.2009, 13:25
No comments:
Post a Comment