Monday, March 30, 2009

Փորձագետ. «ԿԲ-ի վարած քաղաքականությունը ձախողվեց»

«Խոսակցությունը գնում է միչափ հարթության մեջ, որպեսզի կարողանանք քիչ թե շատ հավաստի եզրահանգումների հանգել, պետք է հարցն ավելի լայն` գերչափ տարածքում դիտարկել»,- դրամի լողացող կուրսի քաղաքականությանն անցնելու և արդյունքում դրամի արժեզրկման վերաբերյալ դատողություններ անելու վերաբերյալ ասաց ԵՊՏՀ Արժեթղթերի շուկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Սուրեն Պողոսյանը:

Այս նպատակով նա լրագրողներին ներկայացրեց հայկական արժութային շուկայի երեք զարգացում` երեք փուլերով: Առաջինը` 1993 թ-ից մինչև 2003 թ-ի մարտ` դրամի թերարժևորման փուլն է, երկրորդը` 2003 մարտից-2009 թ-ի մարտի 1` դրամի գերաժևորման փուլը և ֆիքսված փոխարժեքի ենթափուլը, երրորդը` 2003 թ-ի մարտի 2-ից սկսած` սպասվող զարգացումների փուլը:

«Զարգացած երկրների համար դրամի թերարժևորումն արդարացված է և շատ երկրներ այս գործիքն օգտագործում են իրենց արտադրությունը և արտահանումը խթանելու համար: Սակայն Հայաստանին այն, խոշոր հաշվով, ոչինչ չտվեց, քանի որ այդ ռեզերվը չօգտագործվեց»,- բացատրում է Ս. Պողոսյանը:

Ս. Պողոսյանի խոսքերով, դրամի արժևորման փուլում որևէ ձեռքբերում արտահանման կամ ներմուծումը արտադրությամբ փոխարինելու առումով Հայաստանը չունի, և համոզված է, որ ներկրողներին` ներմուծումը արտադրությամբ փոխորինելու առաջարկ պետք է արվեր առնվազն 3-4 տարի առաջ:

«Հայաստանի Կենտրոնական բանկի վարած քաղաքականության վերաբերյալ ինֆորմացիան թափանցիկ չէր, ինչի արդյունքում առաջացած անորոշությունն ու բարձր ռիսկերը բերեցին բացասական սպասումների, որոնք պայթեցին դրամի արժեքի կտրուկ անկումով»,- բացատրում է Ս. Պողոսյանն ու ընդգծում, որ «այն ինչ ասվում էր, իրականում տեղի չունեցավ, և ԿԲ-ի վարած քաղաքականությունը ձախողվեց»:

Ըստ Ս. Պողոսյանի, հետագա զարգացումները կախված են համաշխարհային տնտեսության վիճակից, մեզ տրամադրվող վարկերի արդյունավետ օգտագործումից, այդ վարկերի միջոցով առաջիկայում ունենալիք կորուստների փոխհատուցումից:

06.03.2009, 22:53

Aysor.am

No comments:

Post a Comment