Monday, March 30, 2009

«Հայաստան այցելող զբոսաշրջիկների 60 տոկոսը Սփյուռքն է»

«Զբոսաշրջային օպերատորների միջոցով կազմակերպված` զբոսաշրջային փաթեթներով Հայաստան այցելությունները կազմում են ընդհանուր այցելությունների 15-20 տոկոսը, մնացածն անհատական այցելություններն են: Սակայան չմոռանանք, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների 60 տոկոսը Սփյուռքն է: Կարծում ենք, որ հիմնականում նվազելու է կազմակերպված զբոսաշրջային այցելությունները», - այսօր հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանն` անդրադառնալով զբոսաշրջության վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությանը:

Մ. Ապրեսյանը տեղեկացրեց, որ տնտեսական ճգնաժամը ազդել է համաշխարհային զբոսաշրջության զարգացման վրա, ինչի արդյունքում զարգացման աճի տեմպը նվազել է` 2008 թ-ին կազմելով 3-3.5 տոկոս` 2007 թ-ի 6.2 տոկոսի համեմատ:

«2009 թ-ի կանխատեսումների համաձայն, զբոսաշրջության զարգացման աճը կտատանվի 0-1 տոկոսի սահմաններում` համաշխարհային տնտեսական զարգացումների ներկա պայմանների պահպանման դեպքում»,- նշեց Մ. Ապրեսյանն ու հավելեց, որ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում, այնուամենայնիվ, «ակնկալում է աճ` գոնե 10 տոկոսի չափով»:

Զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետն անդրադարձավ նաև օրերս Համաշխարհային տնտեսական ֆորումի զբոսաշրջության բնագավառում կատարած գնահատականներին, ըստ որոնց Հայաստանը նախորդ տարվա 89-րդ տեղի փոխարեն գտնվում է 91-րդ տեղում:

Նշենք, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետներն ամենացածրը գնահատել են Հայաստանի էկոլոգիական վիճակը: Ցածր են գնահատվել նաև օդային և ցամաքային տրանսպորտի ծառայությունների որակը, զբոսաշրջիկների համար ինտերնետի մատչելիությունը: Ըստ զեկույցի՝ զբոսաշրջիկները չեն վստահում մեր երկրի իրավապահ համակարգին` չնայած Հայաստանը, ընդհանուր առմամբ, համարվում է անվտանգ և ապահով երկիր: Միաժամանակ նշվում է, որ Հայաստանում սպասարկման գները համեմատաբար մատչելի են, առողջապահական ծառայությունների աշխատանքը բավարար է, ցածր է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվելու վտանգը:

Մ. Ապրեսյանի մեկնաբանությունների համաձայն, Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները նման գնահատականների են հանգել` հիմնվելով այն հանգամանքի վրա, որ մեզանում զբոսաշրջությանը վերաբերող քաղաքականությունը բացահայտ չի կատարվում:

Ապրեսյանը հավաստիացրեց, որ զբոսաշրջության ոլորտին վերաբերող ցանկացած միջոցառում, օրենքի փոփոխություն` մինչև շրջանառության մեջ դրվելը տեղակայվում է նախարարության ինտերնետային կայքում, դրանց վերաբերյալ բոլոր տեսակի առաջարկությունները ընդունվում ու քննարկվում են:

Բացի այդ, կազմակրեպվում են քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ, և շատ հաճախ հենց մասնավոր հատվածի առաջարկությունների ու նրանց հետ ունեցած քննարկումների արդյունքում են կատարվում համապատասխան փոփոխություններ:

«Ես կողջունեի այն առաջարկությունները, թե ի՞նչ պետք է արվի, որպեսզի ոլորտը լինի ավելի թափանցիկ: Միգուցե կա՞ն այլ մեթոդներ և ձևեր», - հարցրեց Մ. Ապրեսյանը:

Բանախոսը չհամաձայնվեց նաև ոլորտի մարկետինգային քաղաքակնության վերաբերյալ Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականի հետ:

«Տնտեսական ֆորումն ունի իր չափանիշներով ընտրած ցանկ` ըստ գերակայությունների, սակայն խնդիրը նրանում է, թե արդյո՞ք տվյալ ցուցահանդեսը կարևոր է Հայաստանի համար, և մասնավոր հատվածը պատրա՞ստ է մասնակցելու այդ ցուցահանդեսներին», - բացատրեց Զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետն ու մանրամասնեց. «Չէ՞ որ մենք այդ ցուցահանդեսների ցանկը որոշելիս, համագործակցում ենք մասնավոր հատվածի հետ և հաշվի ենք առնում նրանց կարծիքը: Եթե չկա հետաքրքրություն, պարզապես մասնակցությունն անիմաստ է»:

Մ. Ապրեսյանը համաձայնեց որոշ գնահատականների հետ, այն է` ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցվածության և բնապահպանության ոլորտում առկա խնդիրների առումով: Նա տեղեկացրեց, որ այս ոլորտներում բարելավումներ կատարելու համար արդեն ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ, և` նախարդ տարիների հետ համեմատած դրական արդյունքներն ակնհայտ են:

11.03.2009, 13:37

Aysor.am

No comments:

Post a Comment