
«Նախագահ Սահակաշվիլին ինձ հարցրեց` ի՞նչ անեմ, որ դու վերադառնաս և գլխավորես Վրաստանի բալետի թատրոնը: Ես ասացի` ինձ համար պայմաններ ստեղծիր: Եվ նա խոստացավ ամեն ինչ անել», - պատմում է Թբիլիսիի Զ. Փալիշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար, մենապարուհի Նինո Անանիաշվիլին, ով Երևան է ժամանել Հայաստանում Վրաստանի մշակույթի սեզոնի անցկացնելու կապակցությամբ:
Նինո Անանիաշվիլին հպարտությամբ հայտնեց, որ շնորհիվ նախագահի օգնության և պետական աջակցության` թատրոնը 4 տարվա ընթացքում կարողացել է 30 բալետային նոր ներկայացումներ բեմադրել, որը, ինչպես նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը, մասնագետների կարծիքով «արժանի է ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում` թե ժամանակի և թե ֆինանսական միջոցների առումով»:
«Այսպիսով մենք ունենք փող` ներկայացումներ բեմադրելու համար, մենք ունենք փող` աշխատավարձերի համար: Ինձ մոտ ողջ աշխարհից գալիս են լավագույն մասնագետները, ովքեր օգնում են իրականացնելու մեր առաջ դրված խնդիրները», - մանրամասնեց Ն. Անանիաշվիլին, ով տեղեկացրեց նաև, որ Վրաստանի բալետի թատրոնը համագործակցել և ներկայացումներ է բեմադրել աշխարհահռչակ բալետի պարուսույցներ Մարիուս Պետիպայի, Ավգուստ Բերնոնվիլի, Ջորջ Բալանչինի, Ֆրեդերիկ Էշտոնի և Վախթանգ Ճաբուկիանիի հետ:
Սակայն թատրոնն ունի նաև խնդիրներ: Ն. Անանիաշվիլու խոսքերի համաձայն, գրեթե 20 տարի թատրոնը չի գործել, և երիտասարդները մոռացել են, որ կա թատրոն տանող ճանապարհ: Այս խնդիրը լուծելու համար թատրոնը յուրաքանչյուր կիրակի կազմակերպում է ակցիաներ երեխաների համար և, ըստ Ն. Անանիաշվիլու, այդ օրերին թատրոնի դահլիճը լեցուն է լինում հանդիսատեսով:
«Այսպիսով` մենք դաստիարակում ենք մի սերունդ, ով երկու-երեք տարի հետո ինքնուրույն կգա թատրոն», - պարզաբանում է Ն. Անանիաշվիլին և ընդգծում. «Կարող եմ ասել, որ մենք վերադարձրել ենք հանդիսատեսին թատրոն»:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղեկացմամբ` իրենց հաջողվում է գրեթե յուրաքանչյուր ներկայացման ժամանակ վաճառել նախատեսած տոմսերի կեսը` մոտ 500 տոմս: Նա նշեց, որ բոլոր տոմսերը վաճառվում են, երբ թատրոնը ունենում է պրեմիերաներ, երբ ներկայացումներում պարում է ինքը` Նինո Անանիաշվիլին կամ հանրահայտ աստղերը:
03.03.2009, 15:52
No comments:
Post a Comment