«Այսօր համաշխարհային ֆինասնատնտեսական ճգնաժամ է: Այդ ճգնաժամի համատեքստում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն (ՀԱՄՀ) ավելի հատուկ իմաստ և կարևորություն է ստանում», - հայտնեց ՀԱՄՀ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց հիմնադրամի առաջիկայում իրականացվելիք հակաճգնաժամային ծրագրերը:
Տեղեկացնենք, որ ՀԱՄՀ-ն ոչ պետական հիմնարկ է, որն աշխատում է պետություն-մասնավոր համագործակցություն սկզբունքով: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գլխավորում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհուրդի անդամներն են Կառավարության 6 ներկայացուցիչները, Հայաստանի և Սփյուռքի 6 գործարարներ և միջազգային դոնոր կազմակերպություններից 1 ներկայացուցիչ:
Հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքերի համաձայն, Հիմնադրամի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսության զարգացումը` բեկումնային զարգացում ապահովելով զբոսաշրջության, առողջապահության և կրթության բնագավառներում:
«Հիմնադրամը պետք է աշխատի երկու հիմնական ուղղություններով` իրականացնել կարճաժամկետ և երկարաժամկետ հակաճգնաժամային ծրագրեր», - նշեց Բ. Փափազյանը և մանրամասնեց. «Ճգնաժամը մի օր ավարտվելու է, և աշխարհում պետք է լինեն երկրներ, որոնք ճգնաժամից դուրս կգան ավելի մրցունակ: Մեր նպատակն է` ճգնաժամից դուրս գալ ավելի բարձր մրցունակության դիրքերում, քան այսօր գտնվում է Հայաստանը»:
Բ. Փափազյանը ներկայացրեց հիմնադրամի կողմից իրականացվելիք ծրագրերի հիմնական երեք ուղղվածությունները`
1. Ներդրումային ծրագրեր, որոնք ակնկալում են բարձր շահավետություն և ներդրումների վերադարձելիություն,
2. Մարդկային կարողությունների և ենթակառուցվածքների ստեղծմանն ուղղված ծրագրեր, որոնք չեն ակնկալում մեծ շահույթներ, սակայն կարող են լինել ինքնաբավ և վաստակել ծրագրի աշխատանքի համար անհրաժեշտ գումարները և ռեսուրսները,
3. Ծրագրեր, որոնք ուղղված են քաղաքականության մշակմանն ու բարեփոխումներին և սուբսիդավորվում են ներդրումային ծրագրերի միջոցով:
«Մենք` ծրագրեր մշակելով ուզում ենք ստեղծել ներդրումային ծրագրերի հիմքեր, որոնց վրա կարելի է ավելացնել ծրագրի այլ բաղկացուցիչներ, որոնք շատ ավելի մեծ ծավալ կունենան և, որոնց լրացուցիչ ֆինանսավորումը կներգրավվի արտասահմանից, քանի որՀիմնադրամի Խորհուրդը և Կառավարությունը ֆինանսավորում են ծրագրի հիմնական ծախսերը», - բացատրեց Բեկոր Փափազյանը:
ՀԱՄՀ-ն ներկայումս արդեն կազմել և սկսելու է իրագործել Տաթևի վանքի վերակառուցման աշխատանքները, Սպիտակում Վարպետաց թաղամասի հիմնումը, միջուկային բժշկության ասպարեզում տարածաշրջանում միակ ուռուցքաբանական կենտրոնի ստեղծումը և Թումանյան այգում կրթական համալիրի կառուցումը:
10.03.2009, 13:47
No comments:
Post a Comment