ՀՀ Ազգային Ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի մարտի 16-19-ը քառօրյա նիստերի օրակարգում այսօր առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկման դրվեց ՀՀ Կառավարության կողմից ներկայացված ««Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
Օրենքի նախագիծը պատգամավորներին ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Մալխասյանը, ով նշեց, որ սույն նախագիծը, ըստ էության, վերաբերում է Անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարի և ստորաբաժանման ղեկավարի նշանակման և ազատման խնդիրներին:
Տեղեկացնենք, որ անշարժ գույքի կադաստրի ծառայողների համար գործող օրենքը չի սահմանում որևէ առողջական կամ ֆիզիկական պատրաստվածության առանձնահատկություններ կամ պահանջներ, այդ առումով օրենքի նշված դրույթները հիմնավորված չեն: Նկատի ունենալով, որ կադաստրի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդիսանում են քաղաքացիական ծառայողներ, օրենքի մյուս փոփոխությունները նպատակ են հետապնդում հստակեցնել նրանց աշխատանքի նշանակման և ազատման հետ կապված հարաբերությունները` բացառելով «Քաղաքացիական ծառաության մասին» ՀՀ օրենքի հետ հնարավոր հակասությունները:
«Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարը հայացողական ծառայություն իրականացնող անձ է, և ինչպես բոլոր հայացողական ծառայություն իրականացնող անձինք պետք է նշանակվի և ազատվի նույն սկզբունքներով»,- ընդգծեց Գ. Մալխասյանը և հավելեց. «Նախագծով առաջարկում ենք հանել սահմանափակումները և այս օրենքը համապատասխանեցնել այսօր գործող օրենքների պահանջներին և օրենսդրությանը»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում նշեց, որ այս օրենագիծը «մինչև ԱԺ գալը մամուլով արդեն հրապարակվել է և հրապարակվել է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի անձի հետ կապված»:
«Սա միանշանակ անձի հետ կապված որոշում է, որ այժմ Կառավարությունն օրինագծի տեսքով բերել է ԱԺ, և այս առումով այն արդեն իսկ անընդունելի է»,- ընդգծեց Ա. Մարտիրոսյանն ու հավելեց. «Անընդունելի է որևէ օրինագիծ, որը պետք է հարմարեցվի որևէ պաշտոնատար անձի հետ` կարվի նրա հագով»: Նա նաև կոչ արեց իր գործընկերներին` «դեմ քվեարկել նմանատիպ օրինագծին և աշխատաոճին»:
Փոխնախարար Գ. Մալխասյանը եզրափակիչ ելույթում ընդգծեց, որ «փոփոխությունները չեն իրականացվում կոնկրետ անձի հետ կապված, այլ ցանկացած հաջորդ անձ, ով կզբաղեցնի այս պաշտոնն, արդեն չի ունենա այդ սահմանափակումներն ու արտոնությունները, որ այսօր նախատեսված են գործող օրենքով»:
16.03.2009, 19:05
No comments:
Post a Comment