Monday, March 30, 2009

Հայաստանում մեկնարկում է գերմանական շաբաթը

Վաղը Հայաստանում մեկնարկում են Գերմանիայի շաբաթները, որի մեկնարկը տրվելու է Դաշնային Հանրապետության դեսպանության և ՀՀ Մշակույթի նախարարության համագործակցությամբ կազմակերպված Հայաստանի Ազգային պատկերասրահում գերմանացի անվանի նկարիչ Հորսթ Յանսենի ցուցահանդեսի պաշտոնական բացմամբ: Այս մասին aysor-ին տեղեկացրեց պատկերասրահի թանգարանային կապերի բաժնի գիտաշխատող Զառա Դիլանյանը:

Նշենք, որ ցուցահանդեսում ներկայացվելու են Հորսթ Յանսենի 160 ինքնատիպ աշխատանքներ, որոնք արտահայտում են նկարչի ստեղծագործական տաղանդի զարգացումը` սկսած 1950-ական թվականների վերջից մինչև 1970-ականնների կեսերը:

Զ. Դիլանյանը տեղեկացրեց նաև, որ Ազգային պատկերասրահի 9-րդ հարկի կինոդահլիճում մարտի 21-ին 11:00-ին անցկացվելու է «Յանսենը և իր ստեղծագործությունները» թեմայով դասախոսություն: Դասախոսությունը վարելու է Յանսենի պատկերասրահի գերմանացի արվեստաբանը:

Տեղեկացնենք նաև, որ Հորսթ Յանսենը 20-րդ դարի լավագույն գծանկարիչներից է: Համբուրգի Կունստհալլեում նրա աշխատանքների համար հատկացվել է առանձին սրահ, իսկ Օլդենբուրգում, որտեղ անցել է վարպետի մանկությունը, բացված է նրա տուն-թանգարանը: Հիմք ընդունելով ճապոնացի մեծ նկարչի «Ջրում մարգարտահատերը հսկող հրեշը» գծանկարը` Յանսենը ստեղծել է փորագրության և օֆորտի մի յուրահատուկ տեխնիկա՝ զուգակցելով այն խիստ բանաստեղծական մեկնաբանությունների հետ:

19.03.2009, 16:23

Aysor.am

No comments:

Post a Comment