Monday, March 30, 2009

Առանց գեղարվեստական ղեկավարի թատրոնը կարո՞ղ է ապրել

«Ես կարծում եմ, որ որևէ թատրոն` առանց գեղարվեստական ղեկավարի, չի կարող ապրել, որովհետև գեղարվեստական ղեկավար, ի վերջո, նշանակում է խաղացանկի մի ընդհանուր սկզբունք և մի ընդհանուր դավանանք»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը` անդրադառնալով թատրոնները գեղարվեստական խորհրդի միջոցով ղեկավարելու հանգամանքին:

Նշենք, որ գեղարվեստական խորհուրդներով են ղեկավարվում Գ. Սունդուկյանի անվան պետական ազգային ակադեմիական և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ազգային ակադեմիական թատրոնները:

Չնայած Ե. Ղազանչյանը համոզված է, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարն այն անձն է, ով «ձևավորում է ազգային և հեռանկարային խաղացանկ, և առանց որի դժվար է թատրոն պատկերացնելը», կարծում է, որ «գեղարվեստական խորհրդի միջոցով ղեկավարվող օպերային թատրոնի ընթացքը միանգամայն նորմալ է, իսկ Սունդուկյանի անվան թատրոնի ղեկավարումը շարունակում է խնդիր մնալ»:

«8-10 հոգով կարելի է դաշնամուրը մի սենյակից տեղափոխել մեկ այլ սենյակ, բայց 8-10 հոգով թատրոն ղեկավարել չի կարելի: Գեղխորհուրդը չի կարող թատրոն ղեկավարել»,- համոզված է Ե. Ղազանչյանը: «Ենթադրենք` դրամատիկական որևէ թատրոնի գեղարվեստական խորհրդի 7 անդամներ են նսած, և մեկն առաջարկում է Սունդուկյանի «Պեպոն», մյուսը` Շիրվանզադեի «Ավերակների վրա», մյուսը` Շանթի «Օշին պայլը», և այլն, և այլն, և այլն … Ով է վերջնական ասում` ո´չ, սա պետք է տեղադրվի: Այդ ասողն ո՞վ է»:

Ե. Ղազանչյանը համոզված է, որ գեղխորհրդի անդամներն ընդհանուր եզրակացության երբեք չեն գա, որովհետև յուրաքանչյուրը կպնդի իր տեսակետը, «քանի որ իրեն է տեսնում այդ պիեսում»:

Ու, չնայած այս համոզմունքին և այն հանգամանքին, որ Պարոնյանի անվան թատրոնը չունի գեղարվեստական խորհուրդ, Ե. Ղազանչյանը զիջումների գնում է: Նրա տեղեկացմամբ` թատրոնի խաղացանկի 20 ներկայացումներից միայն 6-ն է իր բեմադրածը, մնացածն այլ ռեժիսորների բեմադրություններն են:

23.03.2009, 16:32

Aysor.am

No comments:

Post a Comment