Tuesday, March 31, 2009

Շախմատը միավորեց սպորտի և մշակույթի գործիչներին


Մշակույթի նախարարության և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ այսօր միավորվել էին Հայաստանի մշակույթի ու սպորտի ոլորտի գործիչները: Կամերային երաժշտության տանն անցկացվող միջոցառման ընթացքում առաջին անգամ Հայաստանում շախմատի օլիմպիադայի չեմպիոնները շախմատ խաղացին մշակութային գործիչների հետ:

Տեղեկացնենք, որ միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Սոս Սարգսյանը մշակությաին գործիչների անունից ողջույնի խոսք ասաց և շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներից:

«Մենք պետք է ընդունենք, որ մեր հասարակությունը միասնական չէ, ձևավորված չէ և չունի իր նախասիրությունները: Մենք պետք է լրջորեն զբաղվենք` հասարակությունը միավորելու ու միագաղափար դարձնելու համար», - հայտնեց Ս. Սարգսյանն ու ընդգծեց. «Սա առաջին քայլերից մեկն է»:

Ս. Սարգսյանը նշեց, որ «մեր ժողովուրդը հետ է սովորել, և նույնիսկ Ղարաբաղի հաղթանակը չկարողացավ ընբոշխնել ու չոգևորվեց հաղթանակով:

«Ժամանակն է սովորել հաղթանակների: Տա Աստված, որ բոլոր ասպարեզներում հավասարվենք մեր շախմատիստների տարած համաշխարհային ու պատմական հաղթանակներին», - ամփոփելով իր խոսքն ասաց դերասան Ս. Սարգսյանը:

Խաղն ընթացավ հետևյալ կերպ: Նախնական վիճակահանության արդյունքների համաձայն, առաջին շարքի հետ խաղաց Գաբրիել Սարգսյանը, երկրոդի հետ` Տիգրան Պետրոսյանը, երրորդի` Վլադիմիր Հակոբյանը: Շախմատիստներ Արտաշես Մինասյանը և Էլինա Դանիելյանն էլ մեկական քայլի իրավունքով օգնեցին մշակութային գործիչներին: Երկու քայլի օգնության իրավունք ստացավ միակ կին մշակութային գործիչ Լալա Մնացականյանը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հավաքականի անդամները միաժամանակյա խաղի սեանս անցկացրեցին մշակույթի 33 գորիչների հետ: Ոչ-ոքի արդյունք արձանագրեցին միայն Սոս Սարգսյանը` Գաբրիել Սարգսյանի հետ պարտիայում և Ալեքսանդր Գրիգորյանը` Վլադիմիր Հակոբյանի հետ մրցավեճում:

Տեղեկացնենք, որ միջոցառման սկզբում Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լալա Մնացականյանը կանանց տոնի միամսյակի կապակցությամբ ծաղկեփնջեր ստացան, իսկ Մշակույթի նախարարությունը հուշանվերներ հանձնեց շախմատիստներին և շախմատի ֆեդերացիային:

28.03.09, 16:17

Aysor.am

No comments:

Post a Comment