
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առավոտյան այցելեց հայկական «Լիկվոր» դեղագործական ընկերություն` ծանոթանալու ընկերության աշխատանքների հետ և կանանց տոնի կապակցությամբ ընկերությունում աշխատող կանանց շնորհավորելու: Նշենք, որ ընկերությունում աշխատող 83 բարձրակարգ մասնագետների մեծամասնությունը կանայք են, որոնց նախագահը ծաղիկներ նվիրեց` մարտի 8-ի առիթով:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց «Լիկվոր» դեղագործական ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը, «Լիլվոր» դեղագործական ընկերությունը, որն այժմ տեղակայված է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի մասնաշենքում, հիմնադրվել է 1991 թ-ի մայիսին: Ընկերությունն արտադրում է ներերակային (կաթիլային), ակնաբուժական և ներարկման ստերիլ դեղամիջոցներ:
Ըստ տնօրենի, ընկերության կողմից առաջարկվող դեղերի անվանացանկը պարունակում է 60 անուն դեղորայք, իսկ արտադրանքի մեծ մասը սպառվում է հայկական շուկայում և միայն 40 տոկոսն է արտահանվում ԱՊՀ երկրներ:
«Քանի որ մենք տեղական արտադրող ենք և արտադրում ենք առաջին օգնության դեղամիջոցներ, մենք սոցիալական պատասխանատվություն ենք կրում և մեր կողմից որևէ թանկացումներ չեն իրականացվի»,- հավաստիացրեց Ս. Մաթևոսյանը:
Տեղեկացնենք նաև, որ այս տարի հունվարին «Լիկվոր» դեղագործական ընկերությունը դիմել է ՀՀ Կառավարությանը` վարկի տեսքով 2.4 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն ստանալու համար: Այդ գումարի 1.8 մլն դոլարը նախատեսվում է ծախսել արտադրական մասնաշենքի շինարարական աշխատանքների վրա: Ծրագրի համաձայն` ներդրումների իրականացումը հնարավորություն կտա 3 տարի անց եռապատկել ընկերության վաճառքները, ունենալ Հայաստանում առաջին եվրոպական GMP ստանդարտներին համապատասխանող գործարան, ընդլայնել արտահանումը և ներմուծման փոխարինումը, կրկնապատկել աշխատողների թվաքանակը:
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքերով, «Լիկվոր» ընկերության` Կառավարությանը ներկայացրած ծրագիրը բարձր արտադրություն և արտահանման խթանում կարող է ապահովել և փորձելու է տեղում գոյություն ունեցող գիտական մշակումների մի մասը վերածել արտադրության:
«Ծրագիրը դեռ չի արժանացել Կառավարության հավանությանը, այն քննարկվել է օպերատիվ շտաբում, շուտով քննարկվելու է նաև Կառավարությունում»,- նշեց Ն. Երիցյանն ու ընդգծեց, որ դեռևս ճշտվում են բիզնես ծրագրի հետ կապված ակնկալիքները:
07.03.2009, 14:47
No comments:
Post a Comment