Խամաճիկների պետական թանտրոնում Հովհաննես Թումանյանի 140-ամյակին նվիրված թատերական միամսյակ է հայտարարված: Թատրոնն այս ամիս իր հանդիսատեսին ներկայացել է Թումանյանի հեքիաթների հիման վրա բեմականացված ներկայացումներով:
Ինչպես Aysor-ի հետ զրույցում տեղեկացրեց թատրոնի ռեժիսոր Լիլի Էլբակյանը, Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներն ունեն ուսուցողական բնույթ, քանի որ դրանք հիմնականում նախատեսված են դպրոցականների և նախադպրոցական տարիքի երեխաների համար:
«Ներկայացումներից առաջ երեխաների հետ անցկացվում է քննարկում` զրույցի տեսքով, որի ընթացքում նրանց ներկայացվում է Թումանյանը: Երեխաներն իրենց հերթին պատմում են Թումանյանի մասին, լինում է հարց ու պատասխան», - հայտնեց Լ. Էլբակյանը և նշեց, որ այդ ամենն իրականացվում է երեխաներին` Թումանյանի աշխարհը, թումանյանական ու գյուղական կոլորիտը ներկայացնելու համար:
Ռեժիսորը տեղեկացրեց նաև, որ հոբելյանական տարվանը նվիրված միամսյակի ընթացքում թատրոնն ունեցել է նաև պրեմիերաներ: Օրերս հանդիսատեսի դատին է հանձնվել «Խելոքն ու հիմարը» ներկայացումը:
«Բացի այդ, թատրոնի ֆոյեում ստեղծվել է Թումանյանին նվիրված անկյուն, որտեղ ներկայացվել են Թումանյանին ու նրա ժամանակաշրջանին բնորոշ իրեր», - նշեց Լիլի Էլբակյանը:
18.03.2009, 13:25
No comments:
Post a Comment