
Այսօր ՀՀ Ազգային ժողովում բացվեց «Կանայք քաղաքանությունում» («Wo/men in Politics») ցուցահանդեսը, որը հանդիսանում է Հայաստանում բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ` Բրիթիշ Քաունսիլի կողմից իրականացվող երկամյա ծրագրի բաղկացուցիչներից: ԱԺ-ում ցուցահանդեսը ներկայացվել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի աջակցությամբ:
«Այսօրվա ցուցահանդեսն ԱԺ-ի շրջանակներում մենք դիտարկում ենք կանանց միամսյակի միջոցառումներից մեկը: Ցանկանում եմ ողջունել բոլոր կին գործիչներին, անկախ նրանից, թե որ ոլորտում են աշխատում` քաղաքականության, տնտեսության, լրատվության, թե մշակույթի», - իր ելույթի խոսքում ասաց ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և ընդգծեց. «Դիտելով ցուցահանդեսը կհամաձայնեք, որ կանանց դերը պատմության մեջ անգնահատելի է: Ինչպես բրիտանացի քաղաքական գործիչ Չերչիլն էր ասել, եթե Կլեոպատրան ունենար մի քիչ կարճ քիթ, մարդկության պատմությունն այլ ընթացք կունենար»:
Ա. Աշոտյանը նշեց, որ ԱԺ-ում Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հանդես գալը կապված է նաև այն հանգամանքի հետ, որ «պետական կառավարման համակարգում հանձնաժողովը բացառիկ վայր է, որտեղ կանայք մեծամասնություն են կազմում»:
«Շատերը նախանձում են մեր հանձնաժողովի տղամարդ անդամներին, մասնավորապես` ինձ: Իհարկե դժվար է, բայց ոչ միայն հնարավոր, այլև հաճելի է աշխատել կանանց կոլեկտիվում», - հայտնեց Ա. Աշոտյանը:
Ինչպես նշեցին կազմակերպիչները, ծրագիրն ուղղված է քաղաքականության մեջ կին և տղամարդ գործիչների համագործակցությունը: 51 լուսանկարներից բաղկացած ցուցահանդեսը ներկայացնում էր քաղաքական համաշխարհային պատմության և հայ իրականության մեջ կարևոր դերակատարում ունեցած հեղինակավոր կանանց և տղամարդկանց` նրանց արդյունավետ համագործակցության պատմությունը:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Գիդեոն Դյուհրսթը հայտնեց, որ իր համար ուրախալի է այս ցուցահանդեսը տեսնել Հայաստանում, որը ցուցադրում է, թե ինչպես են միասին աշխարհում տղամարդ և կին քաղաքական գործիչներն աշխատում:
«Սա ոչ թե կանանց և տղամարդկանց միջև խոչընդոտների ստեղծման, այլ նրանց միավորման մասին է», - ասաց Գիդեոն Դյուհրսթը և` ներկայացնելով բրիտանացի կարկառուն քաղաքական կին գործիչ Մարգարեթ Թետչերին` հույս հայտնեց, որ մի օր «մենք կտեսնենք, որ Հայաստանի խորհրդարանում աճում է հայաստանյան Թետչերը»:
Լուսանկարներում պատկերված էին Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-րդը և Մարգարեթ Հիլդա Թետչերը, ԱՄՆ նախկին և ներկա պետքարտուղարներ Կոնդոլիզա Ռայսը և Հիլարի Քլինթոնը, Չիլիի առաջին, Արգենտինայի, Լիբերիայի, Ֆինլանդիայի, Ֆիլիպինների և Իռլանդիայի կին նախագահները, ինչպես նաև ՀՀ Մշակույթի և Սփյուռքի նախարարներ Հասմիկ Պողոսյանն ու Հրանուշ Հակոբյանը, ԱԺ նախագահի տեղակալ Արևիկ Պետրոսյանը, կին պատգամավորներ և այլոք:
Նշենք նաև, որ ցուցահանդեսը շրջիկ է: Մարտի 28-31-ը այն ցուցադրվելու է «Մոսկվա» կինոթատրոնի ցուցասրահում, ապա Հայաստանի տարբեր վայրերում:
24.03.2009, 13:07
No comments:
Post a Comment