Հայ-վրացական համատեղ «Դոն Ժուան» բալետը մինչև այս տարվա վերջ ավարտին կհասցվի և կներկայացվի հանդիսատեսի դատին: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:
«Առաջարկությունը եղել է Վրաստանի մշակույթի նախարարության կողմից` Հայաստանի մշակույթի նախարարությանը և մեր թատրոնին, որն էլ մենք ընդունել ենք»,- հայտնեց Կ. Հովհաննիսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ եղել են քննարկումներ, որի ընթացքում հայկական կողմը, հաշվի առնելով «մեր ազգային նկարագիրն ու հանդիսատեսի ճաշակը», իր առաջարկություններն է արել, կիսվել է տեսակետներով, և վիճելի հարցերի շոuրջ համաձայնության եկել:
««Դոն Ժուանը» Վրաստանում սկսվել է բեմադրվել` Վրաստանի առաջին տիկնոջ հովանավորությամբ: Այժմ էլ `դեկորները, հագուստները, ռեժիսորը վրացական կողմից է, իսկ արտիստական կազմը, նվագախումբը, երգչախումբը Հայաստանից»,- մանրամասնեց օպերային թատրոնի տնօրենը:
«Այս տարի կավարտենք «Սպարտակ», «Ալմաստ» և «Սայաթ-Նովա» ներկայացումները»,- խոսելով թատրոնի ապագա ծրագրերից`նշեց Կ. Հովհաննիսյանն ու հավելեց, որ «դժբախտաբար, ամեն ինչ` շատ հաջողություններ, ստեղծագործական առաջընթացներ, կախված են ֆինանսական միջոցներից և ֆինանասական օժանդակությունից»:
«2006 թ.-ից պետության ուշադրությունը շատացել է օպերային թատրոնի նկատմամբ, նույնիսկ այնքան շատ են լինում պետպատվերով ներկայացումները, որ թատրոնը չի հասցնում դրանք ավարտին հասցնել և, օրինակ, անցած տարվանից մի շարք բեմականացումներ կիսաֆաբրիկատ վիճակում տեղափոխվել են այս տարվա ծրագրային ցանկ և ավարտին են հասցվելու այս տարի»,- ընդգշեց Կ. Հովհաննիսյանը:
23.03.2009, 17:55
No comments:
Post a Comment