Monday, March 30, 2009

Վ. Մանուկյան. Ծանր վիճակից դուրս կհանի միասնական լինելը

«Ես կարծում եմ, որ իշխանության մեջ հավաքված մարդիկ` մի թիմ են, որն, իմ կարծիքով, ի զորու է ներկա պայմաններում հնարավորինն անել: Բայց դա միայն իրենցից չի կախված: Դա կախված է և հասարակության լայն շերտերից, և’ մեծահարուստներից, և’ քաղաքական կուսակցություններից, և’ ժողովրդից, և’ սպասումներից: Եվ եթե չլինի միասնական ընտանիքի գաղափար, միասնական օրինականության գաղափար, շատ դժվար կլինի հաղթահարել»,- հայտարարեց ԱԺՄ կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանը ՀՀ նախագահի և Հայաստանի քաղաքական կուսակցությունների ղեկավարների հանդիպումից հետո:

Տեղեկացնենք, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստանի քաղաքական կուսակցությունների ղեկավարները «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և Հայասատանը» թեմայով քննարկում ունեցան: Հանդիպմանը հրավիրված 63 կուսակցություններից ներկայացել էին միայն 48-ը:

Վ. Մանուկյանի խոսքերով, հանդիպման ընթացքում հնչել են նաև քննադատություններ, բայց «այդ քննադատությունները ոչ թե թշնամական քննադատություններ են եղել, այլ վիճակը շտկելու փորձեր»: Նա նաև տեղեկացրեց, որ «օրինակներ են բերվել, թե, աշխարհի տարբեր երկրներում, այսպիսի ճգնաժամերը հաղթահարելիս, շատ մեծ նշանակություն ունեն ոչ միայն տնտեսական ծրագրերը, այլև իշխանավորների պահվածքը»:

«Որովհետև ցանկացած տնտեսական ճգնաժամի մեջ մի 50-60 տոկոսը հոգեբանությունն է: Առանց հոգեբանության, միայն տնտեսական ծրագրերով հնարավոր չի լինի դուրս գալ»,- պարզաբանեց ԱԺՄ ղեկավարը:

Ըստ Վ. Մանուկյանի, Հայաստանն ունի երկու խնդիր: Մեկը ԱԺՄ կուսակցության գործունեության վերջին 10-12 տարիների ընթացքում «կուսակցության կողմից հանդես բերված տնտեսական ծրագրերն են, քննադատությունները, առաջարկությունները»:

«Սա կա, հիմա դրա վրա ավելացել է ճգնաժամը: Եթե այն հարցերը, որոնք որ մենք միշտ բարձրացնում էինք, արդեն լուծված լինեին, մեզ համար միգուցե ավելի հեշտ կլիներ ճգնաժամը հաղթահարել: Բայց հաշվի առեք, որ նույնիսկ Միացյալ նահանգների պես պետությունը, որն այն խնդիրները, որ մենք բարձրացնում ենք, վաղուց լուծել է, կանգնած է շատ ծանր վիճակի առջև»,- բացատրեց Վ. Մանուկյանը:

Վ. Մանուկյանն անդրադարձավ նաև այն տեսակետներին, թե «իբր մենք մտնում ենք մի նոր աշխարհ` այս ճգնաժամից փոխված աշխարհ»: Նրա դիտարկումները ցույց են տվել, որ «զարգացած երկրներում փորձ է կատարվում կարկատան դնել այս ճգնաժամի վրա, սակայն այս ճգնաժամը դեռ նորից պայթելու է»:

«Մոտակա երկու-երեք տարվա ընթացքում, իմ կարծիքով, կարկատան կդրվի, բայց խոր արմատները դեռ չեն վերլուծվել: Բայց մինչ հաջորդ ճգնաժամը, մարդկությունն արդեն պատրաստ կլինի և փիլիսոփայական, և գաղափարական, և քաղաքական, և տնտեսական ծրագրերով: Հուսանք, որ այդ աշխարհն ավելի բարենպաստ կլինի մեզ համար»,- ասում է է Վ. Զարգսյանը:

Հայաստանի դերը համաշխարհային տնտեսական ճգնաժամի գործում Վ. Մանուկյանը «փոքր» գնահատեց, բայց հնարավոր համարեց «հասկանալ արմատները և մի քայլ առաջ ընկնել»: Նա դժվար համարեց նաև կանխատեսել, թե որքան կտևի ճգնաժամը, բայց հույս հայտնեց, որ այն կարող է լավ առիթ հանդիսանալ Հայաստանի ներքին կյանքը կառուցելու, տնտեսությունը կառուցելու:

«Դա չի նշանակում խուսափել ճգնաժամից, բայց մարդ ծանր վիճակում ավելի լավ է կարողանում իրեն դրսևորել: Հիմա մենք ընկել ենք ծանր վիճակի մեջ, ինչպես և ամբողջ աշխարհը: Հարցը նրանում է, թե այս ծանր վիճակից դուրս գալը իրար հաշվին պետք է լինի, թե միասնական: Ես ցանկանում եմ, քարոզում եմ և տեսնում եմ, որ միասնական կլինի, և այդ միտքը շատերն են կիսում»:

Վ. Մանուկյանը անդրադարձավ նաև Հայաստանի քաղաքական ուժերի` միմյանց նկատմամբ հանդուրժողականությանը և հայտնեց.

«Հանդուրժողականության հետ միասին, համերաշխության տարր պետք է լինի, և այստեղ իշխանությունները, իմ կարծիքով, պետք է լինեն շատ օրինապաշտ, արդար և խիստ, իրենց նիստ ու կացով, վարվելաձևով ժողովրդին օրինակ ծառայող: Այսինքն` դու չես կարող մեկից մի բան պահանջել, երբ տեսնում ես, որ մեկ ուրիշը այդ նույն բանը չի կատարում»:

20.03.2009, 18:08

Aysor.am

No comments:

Post a Comment