
Այսօր Փարիզում մեկնարկում է ամեն տարի մարտին անցկացվող «Salon du Livre» գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին առաջին անգամ մասնակցելու է նաև Հայաստանը: Այս մաին Aysor.am-ին տեղեկացրեց Հրատարակիչների ազգային ասոցացիայի նախագահ Վահան Խաչատրյանը: Նշենք, որ տոնավաճառը գործելու է մինչև փետրվարի 18-ը:
Հայաստանից «Salon du Livre» տոնավաճառին մասնակցելու են ՀՀ Մշակույթի նախարարության Գրահրատարակչական գործի գործակալությունը, Հրատարակիչների ազգային ասոցացիան, «Արեգ», «Լույս» և «Կոմիտաս» հրատարակչությունները:
Ինչպես տեղեկացրեց Վ. Խաչատրյանը, Հայաստանը ներկայացնելու է անցած տարի և այս տարվա երեք ամիսներին հրատարակված մոտ 200 անուն լավագույն գրքերը, այդ թվում պատկերազարդ ալբոմներ, մանկական, գեղարվեստական, պատմական գրքեր, Հայոց Ցեղասպանությանը վերաբերող գրականություն և այլն: Նա նշեց, որ ներկայացված գրականության մեջ կան հայերեն, երկլեզու (հայերեն-ռուսերեն, հայերեն անգլերեն, հայերեն-ֆրանսերեն) և եռալեզու գրքեր, ինչպես նաև հայ հեղինակների ստեղծագործությունների` այլ լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) թարգմանված գրքեր:
Նման ցուցահանդեսներին մասնակցությունը, ըստ Հրատարակիչների ազգային ասոցացիայի նախագահի, տալիս է ծանոթություններ, գործնական կապեր է ստեղծում միջազգային հրատարակիչների հետ, որոնց արդյունքում կնքվում են գործնական պայմանագրեր, կատարվում են փոխանակային տպագրություններ:
«Գրքի միջազգային ցուցահանդեսների, տոնավաճառների ժամանակ նաև քննարկվում են օրենսդրական հարցեր` հատկապես հեղինակային իրավունքի պաշտպանության հարցրերը», - մանրամասնեց Վ. Խաչատրյանը:
Թե որքանո՞վ են պաշտպանված հայ գրողների հեղինակային իրավունքները Aysor-ի հարցին` Վ. Խաչատրյանը պատասխանեց. «Մեր և արտերկրացի գրողների հեղինակային իրավունքները Հայաստանում և դրսում պաշտպանվում են Բեռնի «Գրական գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակային իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիայով: Այս կոնվենցիային միացած բոլոր երկրների ստեղծագործողների հեղինակային իրավունքները պաշտպանվում են ոտնձգություններից, պատճենանենգությունից, պատճենահանությունից, ինչը շատ կարևոր պայմանագիր է ոչ միայն գրողների, այլև հրատարակիչների համար»:
13.03.2009, 14:32
No comments:
Post a Comment