2009 թ-ի փետրվարի 26-ին ստորագրված` ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագրի» երաշխիքային համաձայնագիրը ԱԺ չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի մարտի 16-19-ը քառօրյայի այսօրվա նիստում պատգամավորներին ներկայացրեց ՀՀ Ֆինանսների փոխնախագահ Վարդան Արամյանը: Նա նշեց, որ Հայաստանի Կենտրոնական բանկին Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) կողմից տրամադրվող գումարը «շուկայական պայմաններով տրամադրվող վարկային միջոց է»:
Վ. Արամյանը տեղեկացրեց, որ սույն միջոցները ՎԶՄԲ-ն Հայաստանի ԿԲ-ին տրամադրում է 26 ու կես տարի մարման ժամկետով, այդ թվում` 5 տարի արտոնյալ ժամանակահատվածով: ՀՀ Կառավարությունը հանդես է գալիս որպես երաշխավորող` ԿԲ-ի բոլոր պարտավորությունների շրջանակներում:
«Միջոցները տրամադրվում են Կենտրոնական բանկին, որը հաստատված ծրագրերի իրագործման գործակալության միջոցով այդ միջոցները տրամադրելու է բանկերին, որոնք էլ իրենց մեխանիզմների միջոցով` փոքր և միջին բիզնես վարողներին»,- մանրամասնեց Վ. Արամյանը: Նա տեղեկացրեց, որ բանկերն ընտրվել են նախապես հայտարարված մրցույթի արդյունքներում, որոնք են «Արարատ», «HSBC», «Պրոկրեդիտ», «Ակբա», «ՎՏԲ», «Արտշինինվեստ» և «Կոնվերս» բանկերը:
Փոխնախարարը նշեց նաև, որ ԿԲ-ն բանկերին գումարը տրամադրելու է «մի փոքր ավել» տոկոսադրույքով, քան ստացել է ՎԶՄԲ-ից, ինչը համապատասխանում է Համաշխարհային բանկի սահմանած պայմաններին: Բացի այդ, գումարը ԿԲ-ին տրամադրվելու է արտարժույթով, իսկ ԿԲ-ն այն բանկերին հանձնելու է հայկական դրամով` այսպիսով «իր վրա կրելով փոխարժեքի տատանման ռիսկը»:
Անդրադառնալով վարկի միջոցով փոքր և միջին բիզնեսին աջակցելու հիմնական առաքելությանը` Վ. Արամյանը նշեց, որ այն կայանում է տրամադրվող միջոցների երկարաժամկետ լինելու մեջ, քանի որ փոքր և միջին բիզնեսով զբաղվողների խնդիրներից մեկը հենց երկարաժամկետ վարկեր ստանալու հնարավորություն չունենալն էր:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով հանձնաժողովի եզրակացությունը, նշեց, որ հարցի քննարկման ժամանակ «իրենք մտահոգություն են հայտնել առ այն, որ վարկային միջոցները փոքր և միջին բիզնեսով զբաղվողների համար բավարար չեն և հույս են հայտնել, որ այս միջոցներով հնարավոր կլինի այնքան հագեցնել բանկային համակարգը, որ բանկերը կսկսեն իրենք մրցակցել վարկառուներ փնտրելու համար` կիրառելով ցածր տոկոսադրույքներ»:
«Մենք հույսներս չպետք է դնենք միայն բանկային համակարգի վրա, այլ պետք է խրախուսենք ոչ բանկային ֆինանասական հաստատությունների զարգացմանը` կապիտալի շուկային, որը կարող է իսկապես մրցակցել բանկերի հետ և բանկերին պարտադրել առավել ցածր տոկոսադրույքներով քաղաքակնություն վարել, այլ ոչ թե սեփական ռիսկերը, բարձր տոկոսադրույքներ տրամադրելով, ծածկել»,- ընդգծեց Ա. Մինասյանը և, հայտնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, կոչ արեց համաձայնագիրը դրական վավերացնել:
17.03.2009, 20:13
No comments:
Post a Comment