Tuesday, March 31, 2009

Տրանսպորտի նախարարը` տաքսիների խնդրի մասին










«Արդեն մեկ տարի և ավելի է, որ տաքսի ծառայության բնագավառում կան մի շարք խնդիրներ, որոնք մշտապես գտնվել են Կառավարության ուշադրության կենտրոնում, և որոնց շուրջ մշտապես տեղի են ունեցել տարբեր տեսակի քննարկումներ: Քննարկումների արդյունքում տաքսիների վարորոդների բարձրացրած խնդիրները որոշակի լուծումներ են ստացել», - այսօր կայացած ասուլիսին տեղեկացրեց ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը:

Նախարարը հիշեցրեց, որ մոտ 6 500 անհատ տաքսիների վարորդներ, որոնք չունեն համապատասխան լիցենզիա և չեն գտնվում հարկային դաշտում, բազմիցս հայտարարել են, որ «պատրաստ են մտնել օրինական դաշտ, մուծել հարկերը և իրենց խնդիրը հարկերից խուսափելը չէ, այլ մի շարք բարդություններն են, որ կան լիցենզավորման գործընթացքում»:

Գ. Սարգսյանի խոսքերի համաձայն, առաջին մեծ խնդիրը` պետական տուրքի չափն էր, որն այժմ 200 հազար դրամի փոխարեն 25 հազար դրամ է սահմանվել: Երկրորդ խնդիրn, ըստ նախարարի, անհրաժեշտ սարքավորումների, մասնավորապես սակաչափիչների ձեռքբերերումն էր, որոնք ունեն 60-80 հազար դրամ արժողություն:

«Այս առումով քննարկումներ են տեղի ունեցել սակաչափիչներ ներմուծող և արտադրող ընկերությունների հետ, և ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն` տաքսի ծառայություն մատուցող անհատները սակաչափիչները կարող են ձեռքբերել առանց նախնական վճարների և գումարը մարել մեկ տարվա ընթացքում», - բացատրեց Գ. Սարգսյանը և տեղեկացրեց, որ անհատ տաքսիների վարորոդները կարող են նաև պետական տուրքի համար նախատեսված գումարը մարել 6 ամսվա կամ մեկ տարվա ընթացքում:

Տաքսիների հաջորդ խնդիրը` դեղին պետհամարանիշներով Հայաստանի սահմանները հատել չկարողանալու խնդիրն էր: Նախարարը հավաստիացրեց, որ վրացական միջկառավարական հանձնաժողովի հետ ձեռքբերված համաձայնության շնորհիվ, «մոտ ապագայում այդպիսի համարանիշերով մեքենաները հնարավորություն կունենան անցնել սահմանը»:

Նախարարը անդրադարձավ նաև տաքսի ծառայություն մատուցող մեքենաների տարիքի` մինչև 10 տարի սահմանափակմանը: Նա հիշեցրեց, որ նման սահմանափակումներ գործում են աշխարհի բոլոր երկրներում` ելնելով մի շարք խնդիրներից, որոնցից ամենակարևորն անվտանգության խնդիրն է: Սակայն նախարարությունն այս խնդրին լուծում տալու եղանակը գտել է: Գ. Սարգսյանի խոսքերի համաձայն, նախատեսվում է հաշվառում իրականացնել` հասկանալու համար, թե ինչ քանակի մեքենաների մասին է խոսքը գնում:

«Նախնական տվյալներով դրանց թիվը մոտ 1 000 է, և այդ իսկ վարորդների կողմից առաջարկ կա` որոշ ժամանակով երկարաձգել սահմանափակման ժամկետը,- հայտնեց Գ. Սարգսյանն ու վստահեցրեց, որ «հարցը մոտ ապագայում քննարկվելու է, և, հաշվառումն իրականացնելուց հետո, կտրվի համապատասխան լուծում»

Տրանսպորտի և կապի նախարարը տեղեկացրեց նաև, որ ապրիլի 6-ից նախատեսվում են Պետական եկամուտների կոմտեի, Ճանապարհային ոստիկանության և Տրանսպորտի տեսչության համատեղ ստուգայցեր:

«Այս ստուգայցերը նպատակ են ունենալու հաշվառում իրականացնել, ինչպես նաև պատկերացում կազմել տաքսի ծառայության բնագավառում գործող կազմակերպությունների և անհատների օրինական փաստաթղթերի առկայության մասին», - մանրամասնեց Գ. Սարգսյանն ու կոչ արեց «բոլոր տաքսիների վարորդներին, որոնց մեքենայի տարիքը չի գերազանցում 10 տարին, այսօր ևեթ գալ և ստանալ համապատասխան լիցենզիա»:

Նախարարը նշեց, որ լիցենզիաները տրամադրվելու են սեղմ ժամանակում, քանի որ կա պայմանավորվածություն լիցենզավորման գործընթացին առնչվող բոլոր գերատեսչությունների հետ` «անհարժեշտ փաստաթղթերը տրամադրել ամենասեղմ ժամանակաընթացքում` առանց բյուրոկրատական քաշքշուկների»:

«Ես համոզված եմ, որ բոլորը հնարավորություն կունենան 7-10 օրվա ընթացքում ստանալու լիցենզիա», - ընգծեց Գ. Սարգսյանը:

28.03.09, 14:29

Aysor.am

No comments:

Post a Comment