«Ես արդեն գիտեմ, թե հիմնական թեկնածուները` Լևոն Տեր-Պետրոսյանը` որպես մարդ, որպես կերպար, և Գագիկ Բեգլարյանը` որպես կերպար, ինչ են անելու»,- հայտնեց քաղաքական և PR տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը` խոսելով Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նախընտրական քարոզարշավի մասին:
Ա. Բադալյանի համոզմամբ` նախընտրական քարոզարշավի ժամանակ կիրառվելու է «միջին մակարդակի PR` մի քիչ բարձր Աֆղանստանից, մի քիչ ցածր Թուրքիայից»: Ըստ նրա, մեզանում քարոզչությունն ընդանում է «ո՞վ է ուժեղ, ո՞վ մյուսին ավելի կքննադատի, ու ոչ թե կքննադատի, այլ կկծի» սկզբունքով:
Հայաստանում, Ա. Բադալյանի կարծիքով, այժմ գործում են այն մեթոդները, որոնք կիրառվում էին Ռուսաստանում 20 տարի առաջ: Խոսքը կուսակցությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ ներկայացրած ծրագրերի մասին է, որը, քաղաքական և PR տեխնոլոգիաների մասնագետի համոզմամբ, «նախընտրական կոմպանիայի ժամանակ արժեք չի ներկայացնում»:
«Մի կուսակցության ներկայացուցիչ վերցրել էր Ռուսաստանի հեռախոսահամարների գրքույկը, փոխել էր կազմը և վրան գրել` «Կուսակցության ծրագիր»` շատ լավ իմանալով, որ ծրագիրը չի գործում, էլ ոչ ոք այն չի նայում»,- իր տեսակետն ապացուցելու համար` պատմեց Ա. Բադալյանը և հավելեց. «Մեզ մոտ մինչև հիմա այդ գաղափարը դրված է, որ թեկնածուները պետք է ծրագիր ներկայացնեն: Ի դեպ` ես ծրագիրը կարդում եմ միայն այն դեպքում, երբ այն 5 տողից ավելի չէ»:
Ասուլիսին ներկա մյուս բանախոսը, Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանը համաձայնեց այն մտքի հետ, որ «մեր հասարակության մեջ չի գնում գաղափարների և ծրագրերի պայքար, գործում է կոմպրոմատ և ապատեղեկատվություն»:
Ա. Սաղաթելյանը համոզված է, որ, որքան թափանցիկ և լեգիտիմ լինեն ընտրությունները, «այնքան մեր բոլորի օգուտն է»:
«Ի վերջո գալիս ենք նրան, որ մարդիկ կամ ուժերը, ովքեր իրենց վրա վերցնում են լիդերության ֆունկցիաներ և պատասխանատվություն, պետք է սոցիալական պատասխանատվություն կրեն և պատասխանատվություն ունենան հետևանքների համար»,- ընդգծեց Ա. Սաղաթելյանը:
30.03.2009, 18:18
No comments:
Post a Comment