Tuesday, March 31, 2009

«Ղարաբաղյան խնդրի լուծման համար անհրաժեշտ են նոր ուղիներ»









Այսօր տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի պետնախարար Գերնոտ Էրլերի հանդիպումը: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ուղված մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային խնդիրներին:

«Հայ-գերմանական հարաբերությունները մշտապես կրել են ջերմ և բարեկամական բնույթ: Տնտեսական համագործակցությունը գնալով խորանում և ընդլայնվում է, Գերմանիան Հայաստանի խոշոր աջակից երկրներից է և ամենակարևոր ներդրողներից մեկը», - նշեց Կ. Ղազինյանը և ընդգծեց, որ Հայաստանը «բարձր է գնահատում Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանի զարգացծամանն ուղղված տեխնիկական և ֆինանսական ծրագրերի նախաձեռնումը»:

Գերնոտ Էրլերն իր հերթին ներկայացրեց այն հիմնական հարցադրումները, որոնք արծարծվել են ՀՀ արտգործնախարարի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Նա հայտնեց, որ հայ-գերմանական հարաբերություններն «իսկապես գերազանց են և զարգանում են այդ տրամաբանությամբ»:

Կարևորելով Հայատնաում գերմանական մշակույթի շաբաթների անցկացումը, պետնախարարն այն համարեց երկու երկրների միջև փոխադարձ ճանաչողությանն ուղղված միջոցառումներ:

Տարածաշրջան կատարած իր այցը Գ. Էրլերը կապեց Հարավային Օսեթիայի օգոստոսյան դեպքերի հետ և հայտնեց, որ այդ իրադարձությունները վկայում են, որ տարածաշրջանում կարող են ընթանալ նոր զարգացումներ:

«Մենք ողջունում և աջակցում ենք հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերը: Շատ ուրախ կլինեինք, որ հատկապես ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում զարգացումները տանեին սահմանի բացմանը, ինչը դրական ազդեցություն կունենար տարածաշրջանում», - հայտարարեց Գ. Էրլերը:

Գերմանացի պետնախարարի խոսքերի համաձայն, նույն մտահոգությամբ գերմանական կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների նախագահների միջև շփումներին և Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին:

«Մենք, Հայաստանի արտգործնախարարի հետ, ընդհանուր համաձայնության եկանք այն խնդրի շուրջ, որ հարկավոր է բացառել ռազմական միջամտությունը` Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործում: Միևնույն ժամանակ հանգեցինք այն եզրահանգմանը, որ տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա զարգացող հարաբերություններն այնքան էլ արդյունավետ չեն, և բանակցություններ վարելիս հարկավոր է նոր ուղիներ գտնել », - ընդգծեց Գ. Էրլերը:

Գերնոտ Էրլերի կարծիքով, հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման գործում մեծ է նաև երկու երկրների հասարակությունների դերը, որոնք դեռևս պատրաստ չեն:

30.03.2009, 13:10

Aysor.am

No comments:

Post a Comment