ՀՀ Ազգային Ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի մարտի 16-19-ը քառօրյա նիստերի օրակարգում այսօր քննարկման է դրվել ՀՀ նախագահի կողմից ներկայացված` 2008 թ-ի նոյեմբերի 24-ին ստորագրված, «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև համայնքային ջրամատակարարման և գրահեռացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման մասին» համաձայնագիրը` համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման մասին:
Տեղեկացնենք, որ սույն համաձայնագիրը ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում է, ըստ որի, Միջազգային զարգացման ընկերակցության կողմից «Հայ ջրմուղին» 20 միլիոն ԱՄՆ դոլարի է տրամադրվելու համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիրն իրականացնելու համար: Նշենք նաև, որ «Հայ ջրմուղ»-ի սպասարկման տարածքում գտնվող բնակավայրերը Երևանից դուրս բոլոր քաղաքներն են և 270 գյուղերը:
Համաձայնագիրը պատգամավորներին ներկայացրեց ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ով նշեց, որ այս ներդրումային ծրագիրը «գալիս է լրացնելու «Հայ ջրմուղ»-ի սպասարկման տարածքում գտնվող բնակավայրերի ներդրումային առաջին ծրագրին, որը ստորագրվել էր 2004-ին և աշխատել մինչև անցած տարվա վերջը»:
«Մենք շուրջ 300 բնակավայրերում մի շարք ցուցանիշներում 100 տոկոս ապահովում ունեցանք, և առաջին ծրագրի արդյունքները բերեցին նրան, որ համաձայնություն ստացանք ներդրումային ծրագիրը լրացնել 20 մլն ԱՄՆ դոլարի ռեսուրսներով»,- հայտնեց Ա. Անդրեասյանը, ով մանրամասնեց, որ տրամադրվող գումարը «ստանդարտ պայմաններում տրամադրվող վարկային պայմանագիր է, տոկոսադրույքները նույնն են, ինչ առաջին ծրագրում` 0.75 տոկոս, վարկն աշխատելու է 20 տարվա ժամանակահատվածում` 10 տարի վճարումից ազատ ժամանակահատվածով»:
«Ցավոք «Հայ ջրմուղի» սպասարկման տարածքի բնակավայրերում ներդրումային ծրագրերը սկսվել են բավականին ուշ: Այս առումով, որպեսզի ներդրումային ծրագրերի տեմպը պահպանենք Երևանից դուրս համակարգերում, և, հատկապես, ջրամատակարարման շարունակականության ժամերի ավելացման խնդիրները ավելի տեսանելի լինեն, մենք տարբեր դոնորների հետ շարունակում ենք ներդրումային ծրագրերի պատրաստման քննարկումները»,- ընդգծեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը և նշեց, որ բանակցություններ են վարվում Ասիական բանկի և Եվրաբանկի հետ:
Ա. Անդրեսյանը ներկայացրեց մի շարք փաստեր, որոնք վկայում են ներդրումային ծրագրերի իրականացման արդյունավետությունը` տեղեկացնելով, որ ջրամատակարարման տևողությունը 2004 թ-ին միջին հաշվով կազմել է 6 ժամ, իսկ այսօր այն կազմում է 12.2 ժամ, 2004 թ-ին համակարգի աշխատակիցների աշխատավարձերի չափը կազմել է 30-40 հազար դրամ, այսօր` 80-85 հազար դրամ:
Նա անդրադարձավ նաև կորուստներին ու նշեց, որ, չնայած «կորուստների մակարդակը բավական բարձր է, բայց ներդրումային ծրագրի թիրախը ջրամատակարարման շարունակականությունն է»: Նա նշեց, որ ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում կորուստները նվազում են և որպես օրինակ ներկայացրեց Ծաղկաձորում իրականացված աշխատանքների արդյունքները` հավաստիացնելով, որ կորուստների չափը 85 տոկոսից նվազել է մինչև 65 տոկոս:
16.03.2009, 16:58
No comments:
Post a Comment