«Կրթության և գիտության ոլորտում կանանց ներդրումը միշտ արժեքավոր է եղել։ Մեծ է ձեր վաստակը մեր պետության կայացման, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության, գիտական առաջընթացի ապահովման ու որակյալ կադրերի պատրաստման գործում», - ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանն, ով այսօր Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ոլորտի մի շարք ներկայացուցիչների` այդ թվում դպրոցների տնօրենների և բուհերի ռեկտորների, ուսուցիչների և դասախոսների, պարգևատրեց ԿԳՆ պատվոգրերով և շնորհակալագրերով:
Նախարարն իր շնորհավորական ուղերձում նաև նշեց, որ կանանց անմիջական մասնակցությամբ կրթության և գիտության ոլորտում լուրջ գործընթացներ են ծավալվում, և կանայք են իրենց ուսերին կրում համակարգի բարեփոխումների ծանր բեռն ու պատասխանատվությունը:
Նախարարի ուշադրությանն արժանացած կանայք շնորհակալություն հայտնեցին նախարար Սեյրանյանին` հավաստիացնելով, որ նախարարի բարձր գնահատականը ոգևորիչ հանգամանք է հանդիսանալու իրենց հետագա գործունեությունում:
Ներկաները խոսեցին նաև կրթության ոլորտի խնդիրենից: Ինչպես նշեց Երևանի թիվ 56 դպրոցի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանը` դպրոցներում կարևոր է դարձել նորագույն տեխնոլոգիաների առկայությունն ու կիրառումը, որը հնարավորություն կտա իրականացվելիք աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել:
Նախարարը ներկա հանդիպմանը ներկա կանանց ծաղիկներ հանձնեց և կատակեց` ասելով, որ պետք է նշվի ոչ թե կանանց միամսյակ` մարտի 8-ից ապրիլի 7-ը, այլ 11-ամսյակ` ապրիլի 7-ից մարտի 8-ը:
09.03.2009, 15:43
No comments:
Post a Comment