Նկարիչների միությանը կից Հոգաբարձուների խորհուրդը, որը կազմակերպել է Սբ. Սարգսին նվիրված ցուցահանդես-մրցույթը, վաղը որոշելու է մրցույթի հաղթողներին: Վերջիններիս Արարատյան հայրապետական թեմը թեմի առաջնորդարանում փետրվարի 16-ին դրամական պարգևներ է շնորհելու:
Հիշեցնենք, որ երիտասարդների և սիրահարների բարեխոս Ս. Սարգիս զորավարի տոնին` փետրվարի 7-ին, Նկարիչների միությունում բացվեց տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթ: Մինչև 35 տարեկան նկարչական կրթություն ունեցող մասնակիցները հունվարի 13-ից փետրվարի 3-ը իրենց աշխատանքներն էին ներկայացրել «Սեր Աստծո հանդեպ», «Սեր Հայրենիքի հանդեպ», «Սեր մերձավորի հանդեպ», «Սեր ծնողների հանդեպ» և «Փոխադարձ սեր» թեմաներով:
Ներկայացված 300 աշխատանքներից մոտ 50-ը անցել են մրցույթային փուլ, որտեղ` «Գեղանկարչություն», «Գրաֆիկա» և «Քանդակ» անվանակարգերից յուրաքանչյուրում, երեքական հաղթող է ընտրվելու:
Հոգեբարձուների խորհրդի նախագահի տեղակալ Անահիտ Մխիթարյանը Aysor-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մրցույթային փուլի համար աշխատանքներն ընտրվել են անկոմնակալ ու անաչառ եղանակով` «անգամ նկարիչների ազգանունները չենք նայել»: Այդուհանդերձ, Ա. Մխիթրյանի գնահատմամբ, ներկայացված էին թույլ աշխատանքներ, որոնցից մի քանիսը միայն կարող են մրցանակի արժանանալ:
«Այստեղ շատ մեծ խնդիր ունեն նկարիչները: Նրանք պետք է մտածեն, որ արդեն ընտրել են այս մասնագիտությունն ու հասել 35 տարեկան, սակայն չեն կայացել` որպես նկարիչ», - նշեց Ա. Մխիթարյանը:
Առկա թերությունները, սակայն, Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ղազար Միրզոյանի կարծիքով, շատ բնական են, որովհետև նմանատիպ մրցույթ կազմակերպվում է առաջին անգամ, իսկ «առաջինը միշտ կուտ է գնում»:
«Պետք է ընդունենք այնպիսին, ինչպիսին այն կա, ոչ թե պախարակենք` ասելով, թե ինչու է այսպես», - ասաց Ղ. Միրզոյանը, ով համոզված է, որ «մարդն անելով է կատարելագործում իր անելիքը», և ամեն տարի կկատարելագործվի և մրցույթի կազմակերպումը, և մասնակիցներն ավելի բարձր մակարդակի աշխատանքներ կներկայացնեն:
Հաջորդ տարվ համար արդեն նախատեսվում է մրցութային փուլ անցած աշխատանքները ներկայացնել մեկ ամբողջական կատալոգով:
Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտ Սաթենիկ Զաքարյանը մրցույթից որևէ ակնկալիքներ չունի, քանի որ, ըստ նրա, կարևորը մասնակցությունն է:
«Նման մրցույթներն ու միջոցառումներն առաջին հերթին մեզ հասակակից նկարիչների հետ շփման առիթ են ստեղծում, ինչպես նաև հնարավորություն են տալիս` համեմատելու քո աշխատանքը մյուսների աշխատանքների հետ», - ասաց մեր լրագրողին Սաթենիկը:
Նա իր ներկայացրած «Մեղեդի» կտավը սիրո դրսևորում համարեց, չնայած որ կարծում է, թե ներկայացված աշխատանքներում «սերը քիչ է և կարող էր ավելին լինել»:
Զուտ մասնակցության և ոչ թե մրցանակի արժանանալու համար` «Երաժշտություն» գունանկարն էր ներկայացրել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ Տիգրան Հակոբյանը: Նա կարևորեց ցուցահանդեսներն ու մրցույթները, քանի որ համոզված է, որ «նկարիչը միայն իր համար չի ստեղծագործում, և պետք է անպայման ցուցադրվի»:
«Սերը մարդու ունեցած ամենամեծ հարստությունն է: Ամեն ինչում պետք է սեր լինի», - ասաց Տիգրանը, ով իր կտավում պատկերել էր աքաղաղի, որն ամեն առավոտ երգով է արթնացնում ու սեր բաշխում մարդկանց:
Տիգրանը մրցույթին ներկայացված աշխատանքներն ընդանուր առմամբ միջին մակարդակի գնահատեց, քանի որ կարծում է, թե միշտ էլ աշխատելու տեղ ու անհրաժեշտություն կա:
Մրցույթի կազմակերպիչ Ղազար Միրզոյանն, ամփոփելով իր խոսքը, ընդգծեց, որ «բոլոր գործերն էլ սեր են, քանի որ յուրաքնաչյուրն իր աշխատանքը սիրով է ստեղծել»:
09.02.2009, 14:02
No comments:
Post a Comment