
«Խոստվանում եմ, որ ինձ հաճախ են հրավիրել Հայաստանից, բայց զբաղված լինելու պատճառով` չեմ կարողացել այցելել: Ուրախ եմ, որ մեր երկրների Մշակույթի նախարարությունները ձեռնարկեցին նման միջոցառում, որն ինձ գալու հնարավորություն ընդձեռնեց»,- հայտնեց Թբիլիսիի Զ. Փալիշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին, ով Հայաստանում անցկացվելիք Վրաստանի մշակույթի սեզոնի շրջանակներում ներկայացումներ է ունենալու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Հիշեցնենք, որ Հայաստանում Վրաստանի մշակութային սեզոնի մեկնարկումը տրվելու է այսօր երեկոյան` Թբիլիսիի Զ. Փալիշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի ելույթով: Թատրոնը` հանրահայտ մենապարուհի և բալետային խմբի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլու գլխավորությամբ, հանդիսատեսին կներկայանա Չայկովսկու «Կանաչ», «Շարական» և «Վեց պար» ներկայացումներով:
Լրագրողների հետ հանդիպմանը, որը կազմակերպել էր ՀՀ Մշակույթի նախարարությունը, ներկա էր նաև Վրաստանի մշակույթի, հուշարձանների պաշտպանության և սպորտի նախարարի տեղակալ Մարիանա Շոգոշվիլին:
«Ես շատ ուրախ եմ, որ սկսվում են վրացական մշակույթի սեզոններ, որոնք այս տարի անցկացվելու են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում»,- հայտնեց Մարիանա Շոգոշվիլին:
Ներկայացնելով առաջիկա օրերի միջոցառումների ցանկը` նա ընդգծեց, որ «Հայաստանում ցուցադրվելիք ներկայացումներն ընտրվել են առանձնահատուկ կերպով` հաշվի առնելով մեր երկու պետությունների հազարամյա բարեկամական ու եղբայրական կապը»: Նա նաև տեղեկացրեց, որ ողջ տարվա ընթացքում Հայաստանում կանցկացվեն տարբեր միջոցառումներ, այդ թվում` Հայաստան կժամանի Վրաստանի սիմֆոնիկ նվագախումբը:
Նինո Անանիաշվիլին խոստովանեց, որ չէր էլ կարող պատկերացնել, որ Երևանն ավելի մոտ է Թբիլիսիին, քան Վրաստանի այլ քաղաքները: Նա վստահեցրեց, որ այս այցելությունը սկիզբն է և շփումները դեռ կշարունակվեն:
«Եթե մենք փակվենք մեր տներում և տեղեկատվություն ստանանք միայն հեռուստատեսության միջոցով, այն մեզ չի հարստացնի: Վերջ ի վերջո` ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը և հավելեց. «Մենք պետք է նոր սերունդը դաստիարակենք այնպես, որ նրանք շարունակեն շփվել և ճանաչել միմյանց մշակույթն ու սովորություններն ավելի շատ»:
Մշակույթների փոխանակումը համարելով իր գլխավոր առաքելություններից մեկը` Նինո Անանիաշվիլին տեղեկացրեց, որ հայ հանդիսատեսին է ներկայացվելու այնպիսի բեմադրություններ, որոնք կհետաքրքրեն ցանկացած տարիքի մարդկանց:
«Արվեստը սահմաններ չի ճանաչում, և մարդիկ պետք է շփվեն մշակույթով` անկախ ազգային ու պետական պատկանելությունից»,- ընդգծեց Նինո Անանիաշվիլին:
03.03.2009, 12:37
No comments:
Post a Comment