Tuesday, March 31, 2009

«Հայաստան աշխարհը Հենրիկ Սիրավյանի աչքերով»

Նկարիչների միությունում բացվեց «Հայաստան աշխարհը Հենրիկ Սիրավյանի աչքերով» հոբելյանական ցուցահանդեսը` նվիրված նշանավոր նկարչի 80-ամյակին: Նկարչի այս` անհատական, հետմահու երկրորդ ցուցահանդեսը կազմակրեպել են Հ. Սիրավյանի որդիները` ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Բոլորս Հենրիկ Սիրավյանին հիշում ենք` որպես կյանք սիրող, խանդավառ, ժպտադեմ մի անձնավորություն: Նրա նկարները խոսում են 20-րդ դարի մի հրաշալի նկարչի մասին»,- բացման խոսքում հայտնեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Բացման արարողությանը ներկա Ազգային Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն ասաց, որ Հ. Սիրավյանը Հայաստանը «գտել է իր ինքնուրույն արվեստով, որը սիրավյանական Հայաստանն է, և այդ մեծ` փառքի արժանի արվեստը, նվիրել է մեզ և մեր ժողովրդին»:

Ինչպես Aysor.am-ի հետ զրույցում ասաց նկարչի ավագ որդի Դավիթ Սիրավյանը` ցուցահանդեսում ներկայացված են նկարչի ստեղծագործական տարբեր շրջանների 150 աշխատանքներն:

Տեղեկացնենք, որ ցուցադրված էին Հ. Սիրավյանի «Իմ ժայռը», «Փարաջանով», «Կոմիտաս», «Սևան» նկարների շարքերը, բազմաթիվ բնապատկերներ, դիմանկարներ, հոգևոր և այլաբանական թեմաներով ստեղծագործություններ:

Նշենք, որ Հենրիխ Սիրավյանը ծնվել է Երևանում 1928 թ.-ին: Ավարտել Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը, իսկ 1958-1966 թթ. աշխատել է Մարտիրոս Սարյանի արվեստանոցում։ 1965 թ.-ից ՀՀ Նկարիչների միության անդամ է։

Հ. Սիրավյանի առաջին անհատական խոշոր ցուցահանդեսը տեղի է ունեցել Երևանում` 1993 թ.-ին։ Սիրավյանի ստեղծագործությունները պահվում են Երևանի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Կիևի և այլ քաղաքների թանգարաններում և պատկերասրահներում, ինչպես նաև` մասնավոր հավաքածուներում։

27.03.2009, 20:26

Aysor.am

No comments:

Post a Comment