«Այսօր ՀՀ-ում կա ժողովրդի մի ստվար հատված, որը պատրաստ է և քվեարկել է ՕԵԿ օգտին, ըստ որում` քվեարկել է ոչ թե փողի կամ զոռբայության ուժով, այլ հավատքի և վստահության ուժով»,- հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը` կուսակցության Երևանի քաղաքային կազմակերպության կոնֆերանսին:
Նշենք, որ ՕԵԿ Երևանի քաղաքային կազմակերպության այսօրվա կոնֆերանսին Ա. Բաղդասարյանը հայտնեց Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասնակության իրենց ընտրական ցուցակը, որը գլխավորում է ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ-ում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Ա. Բաղդասարայանը կոնֆերանսին խոսեց ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական գործընթացների, ՕԵԿ-ի որդեգրած դիրքորոշման, ներկա և ապագա զարգացումներում ՕԵԿ դերի, գործունեության հիմնական ուղղությունների մասին:
«Ինչպես միշտ, այնպես էլ այսօր, ՕԵԿ-ը հավատարիմ է մեր օգտին քվեարկված յուրաքանչյուր քաղաքացու քվեին: Մենք պարտավոր ենք աշխատել այնպես, որպեսզի հուսախաբ չանենք ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր վստահել են մեր քաղաքական կազմակերպությանը»,- ընդգծեց Ա. Բաղդասարյանը:
ՕԵԿ ղեկավարն անդրադարձավ նաև ընդդիմության, հատկապես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավին, երբ վերջինս, Ա. Բաղդասարյանի խոսքերով, բազմաթիվ պիտակների է արժանացրել ՕԵԿ-ը, նրա ղեկավարի քաղաքական և անձնական կյանքը: Ընդգծելով, որ նախագահական ընտրությունների ընթացքում ինքը և իրեն ձայն տվածները Լևոն Տեր-Պետրոսյանի կամ, ինչպես Ա. Բաղդասարյանն է ասում, «ԼՏՊ»-ի կողմից համարվել են ազգի դավաճաններ, նշեց, որ այսօր էլ` քաղաքապետի ընտրությունների ժամանակ, «ԼՏՊ»-ի շնորհիվ նույն բախտին է արժանանում «Ժառանգությունը», ով ՕԵԿ-ի նման չցանկացավ միավորվել «ԼՏՊ»-ին` շանտաժի քաղաքականությանը:
«Մենք հասարակությանն առաջարկում ենք ոչ թե թշնամություն, ատելություն, անհանդուրժողականություն, այլ համախմբվածություն, միասնականություն, ջանքերի համախմբում` հանուն մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծման»,-ամփոփելով իր խոսքը` հայտարարեց Ա. Բաղդասարյանը:
21.03.2009, 15:53
No comments:
Post a Comment