Tuesday, April 7, 2009

«Ուրիշի փոխարեն կոճակ սեղմողները» հստակեցվեցին


ՀՀ ԱԺ չորրորդ գումարման հինգերորոդ նստաշրջանի ապրիլի 6-9-ը քառօրյայի այսօրվա նիստը սկսվեց Մայրերի, կանանց և գեղեցկության տոնի շնորհավորանքներով: ԱԺ-ի կին պատգամավորները ԱԺ նախագահի կողմից ծաղկեփնջեր ստացան: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց բոլոր կանանց` ցանկանալով առողջություն և իղձերի իրականացում:

Նիստի սկզբում քվեարկության դրվեցին երեկվա նիստի ժամանակ քննարկված օրինագծերը: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթը և «ՀՀ 2010 թ-ի պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրինագիծը: Երկրորդ ու երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենքների նախագծեր:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր ևս ԱԺ նախագահին տեղեկացրեց, որ նիստերի դահլիճում 93 գրանցված պատգամավորների փոխարեն ներկա են 85-ը: Բացի այդ, Ա. Բախշյանն ընդգծեց, որ ինքն արդեն հստակեցրել է և գիտի, թե որ պատգամավորներն են գրանցվում և քվեարկում ուրիշների փոխարեն:

Նշենք, որ Ա. Բախշյանը նիստի սկզբից ևեթ կանգնած էր հետևում քվեարկության ընթացքին, ինչի շնորհիվ էլ հստակեցրել էր «ուրիշի փոխարեն կոճակ սեղմող» պատգամավորներին: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը զգուշացրեց` նույնը կրկնվելու պարագայում հրապարակել հիշյալ պատգամավորների անունները:

ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը խնդրեց Ա. Բախշյանին իրեն հանձնել այդ պատգամավորների անունների ցուցակը, որոնց հետ ինքը «միգուցե կխոսի»:

07.04.09, 14:42

Aysor.am

1 comment:

  1. մի տեսակ "նախանձում" եմ քեզ ԱԺ դահիճում լինելուդ կապակցությամբ :-D

    ReplyDelete