«Շատ ցավում եմ, որ օպերային արվեստը առաջ գնալու, զարգանալու փոխարեն, երբ նոր սերունդը պետք է ապրի և սնվի դրանով ու փոխանցի այն հետագա սերունդներին, դեգրադացիա է նկատվում», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց եվրոպական մի շարք օպերաների մենակատար, տենոր Վաննո Թադեոն (իսկական անունը` Վահրամ Թադևոսյան) ` խոսելով Հայաստանում օպերային արվեստի վիճակի մասին:
Երգիչը տեղեկացրեց, որ իր պարտքն է համարում «հայ ժողովրդին, մանավանդ երիտասարդությանը, ավելի մոտեցնել օպերային և հայ դասական երաժշտությանը, հատկապես` ծանոթացնել Կոմիտասին և Մակար Երկմալյանին»:
Վ. Թադեոն տիրող իրավիճակը շտկելու գործում կարևորեց դաստիարակությունը, ինչպես նաև տարվող համապատասխան քարոզչությունը: Այս համատեքստում երգիչը քննադատաբար անդրադարձավ Հայաստանի Հանրային առաջին հեռուստաընկերության վարած քաղաքականությանը` նշելով, որ հենց Հանրային հեռուստատեսության արբանյակային հեռարձակման միջոցով է, որ պատկերացում է կազմվում Հայաստանի մասին:
Ասուլիսին ներկա երգչի պրոդյուսեր Սամվել Սարգսյանը նշեց, որ հայ ունկնդիրը «դասական երաժշտության պահանջ ունի, ինչի մասին են վկայում դասական համերգների ջերմ ընդունլությունները»:
Հայաստանում օպերային արվեստի հանդեպ սակավ հետաքրքրությունը Ս. Սարգսյանը պայմանավորեց «ամբողջ աշխարհում դասական արվեստի նկատմամբ հետաքրքրության նվազմամբ», ինչը Հայաստանում ավելի վառ է արտահայտվել` պայմանավորված սոցիալ-տնտեսական ծանր վիճակով:
«Վիճակը պետք է փոխվի, երեխաները մանկապարտեզից պետք է դաստիարակվեն դասական երաժշտության ներքո», - որպես առկա վիճակը բարելավելու միջոց նշեց Ս. Սարգսյանը:
ԱՅՍՕՐ, 15:47
շատ եմ կասկածում, որ հայ երիտասարդը դասակն երաժշտության պակաս ունի: Մերոնք ավելի շատ ռաբիզի պակաս ունեն :(
ReplyDelete