«Հայաստանում համագործակցությունը քաղաքական ուժերի մեջ դժվարեցված է, բավականին պրոբլեմատիկ է, որովհետև շատ մեծ դեր են խաղում ամբիցիաները: Ես նման ամբիցիաներ չունեմ և պատրաստ եմ անելու առաջին քայլը»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Վ. Հովհաննիսյանը ողջունեց «Ժառանգություն» կուսակցության` միասին աշխատելու կոչը: Նա հայտնեց, որ իրենց կարծիքով, առնվազն խորհրդարանում անհրաժեշտ է միասնական աշխատանքը, հենց թեկուզ խորհրդարան եկող օրինագծերը միասին քննարկելու և համատեղ մոտեցումներ ձեռքբերելու առումով:
«Իշխանությունների հետ ` որպես խորհրդարանական կուսակցություն, բնականաբար համագործակցելու ենք, իշխանության հետ կհամագործակցենք բոլոր այն հարցերում, որոնք համահայկական նշանակություն ունեն, որտեղ իշխանությունների գնահատականը մեր տեսանկյունից ճիշտ է»,- հնարավոր համագործակցությունների մասին խոսելիս` հայտնեց Վ. Հովհաննիսյանը և ընդգծեց, որ «իրենք Հայաստանին երբեք չեն զրկի իրենց ծառայությունից, ով էլ իշխանություն լինի»:
Վ. Հովհաննիսյանն անդրադարձավ նաև մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, որ ՀԱԿ-ը «Ժառանգություն» կուսակցությանն անվանել է արբանյակ ուժ, որը փորձում է դոմինանտ ուժին` ՀԱԿ-ին դուրս մղել և զբաղեցնել նրա տեղը»: Խմբակցության ղեկավարը նման հայտարարությունը «ամբիցիոզ» անվանեց, որովհետև «Ժառանգություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ «անցել է 5 տոկոսի պատնեշը և հայտնվել է խորհրդարանում, իսկ Կոնգրեսի և ոչ մի քաղաքական ուժ, այդ թվում և Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժը, այդ պատնեշը հաղթահարել չի կարողացել»:
Վ. Հովհաննիսյանը ՀԱԿ-ի կողմից «Ժառանգությանը» արբանյակ անվանելն, առնվազն, անխոհեմ համարեց, եթե հետագա համագործակցության ծրագիր ունեն: Սակայն, նրա կարծիքով, հետագա համագործակցության ծրագիր ՀԱԿ-ը չունի, ինչը ևս բացատրության արժանացավ:
«Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա իրական արբանյակները չեն կարող որևէ մեկի հետ համագործակցել` չլինելով պապայի դերում, իսկ նրան պապայի դերում ՀՀ ոչ մի նորմալ քաղաքացի չի կորող տեսնել: Այս առումով, մենք, իհարկե, նրանց հետ այս պայմաններով ո´չ խոսելու թեմա ունենք, ո´չ էլ համագործակցելու դաշտ»,- բացատրեց Վ. Հովհաննիսյանը:
Վ. Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ «ընդդիմադիր, ինչպես նաև` իշխանական դաշտում, չպետք է լինեն առաջատարներ և արբանյակներ, քանի որ յուրաքանչյուրն ունի իր քաղաքական օրակարգը»: Նա նաև նշեց, որ չի կարծում, թե «Ժառանգության» վրա «հոգեկան մեծ ազդեցություն կունենան նման վիրավորանքները, իսկ մենք դրանք ընդհանրապես չենք նկատում»:
12.06.2009, 18:47
No comments:
Post a Comment