«Գնեցի ապրանքը, ուշադիր չնայեցի, հետո տանը նկատեցի, որ վնասված է: Տարա վաճառման կետ, բայց հրաժարվեցին ետ վերցնել կամ նույնիսկ փոխանակել»,- նման բողոքով Aysor-ին դիմել են բազմաթիվ սպառողներ:
Նմանատիպ խնդիրներ սպառղներն ունենում են հատկապես այն խանութներում, որտեղ փակցված է «Գնված ապրանքը ետ չի ընդունվում» հայտարարությունը: Սակայն ՀՀ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` «գնորդը կարող է ապրանքը ետ վերադարձնել, եթե այն անորակ կամ անհարմար է»:
Այս առիթով Aysor-ը այցելեց մի քանի խանութ, որտեղ կարելի է հանդիպել վերոնշյալ հայտարարությունը: Դրանցից մեկում հայտնեցին, թե, այնուամենայնիվ, գնորդներին զգուշացնում են անհրաժեշտության դեպքում գնված ապրանքը 5 օրվա ընթացում ետվերադարձի մասին` նշելով սակայն, որ անհրաժեշտությունը «ոչ թե գնորդի քմահաճույքն է, այլ եթե այն ինչ-որ թերություն ունի»:
Մեկ այլ` հագուստի խանութում էլ հավաստիացրեցին, որ «ամեն ինչ անում են, որպեսզի գնորդը բավարարված լինի, այդ պատճառով էլ ետ են ընդունում ապրանքը»:
Սակայն այստեղ էլ նշեցին, որ հաճախորդներին հորդորում են ապրանքը գնելուց առաջ անպայման փորձել հանդերձարանում և առկա թերությունները գտնել խանութում` մինչ այն տուն տանելը:
«Մենք ասում ենք, որ անպայման հագնեն ու ուշադիր նայեն: Ի՞նչ իմանանք` շորը վնասված է եղել, թե տարել է տուն, նորից հագել է ու նոր է վնասել»,- մանրամասնեց խանութի սպասարկման բաժնի պատասխանատուն:
Խանութներից մեկում նույնիսկ ականատես եղանք, թե ինչպես էին վիճում վաճառողուհին և գնորդը: Վերջինս փորձում էր ապացուցել, որ իր գնած տեխնիկական իրը վնասված է եղել, ինքը պարզապես գնելուց առաջ այն չի ստուգել:
«Խանութում իրենք պայմաններ չունեին, որպեսզի փորձեի, տարա տուն, պարզվեց, որ փչացած է»,- Aysor-ի հետ զրույցում ասաց գնորդը:
Երկար բանակցություններից հետո, իհարկե, հաջողվեց ապրանքը փոխարինել նորով: Սակայն գնորդը վաճառողի կողմից կշտամբանքի արժանացավ` «մյուս անգամ փորձեք, նոր առեք»:
Շատ սպառողներ խոստովանում են, որ իրենք չեն էլ ցանկանում իրենց գնած անորակ ապրանքը ետ վերադարձնել` խուսափելով վաճառողների հետ ունենալիք վեճից: Սա էլ շատ հաճախ նպաստավոր պայման է հանդիսանում որոշ վաճառողների համար` իրացնելու անգամ անորակ ապրանքը:
Սպառողների ազգային ասոցացիայից տեղեկացրեցին, որ իրենք ամեն օր առնչվում են նման բազմաթիվ խնդիրների, և հայտնեց, որ «շատ հաճախ վաճառողները չեն վերադարձնում ապրանքի համար վճարված գումարը կամ այն չեն փոխում նորով, եթե գնորդը չգիտի, որ իր այդ իրավունքը ամրագրված է օրենքով»:
«Երբ մենք ենք գնորդի հետ գնում, ու մանրամսան ներկայացնում ենք օրենքի պահանջն ու սպառողի իրավունքը, երբ տեսնում են, որ իրենց առաջ օրենք իմացող մարդ է կանգնած, մեր այցելությունն անարդյուքն չի լինում»,- ասաց Սպառողների ազգային ասոցացիայի աշխատակից Սուրեն Հարությունյանը:
13.06.2009, 21:45
No comments:
Post a Comment