Tuesday, June 30, 2009

«Համաներումը մեծ երևույթ է և այն պետք է ընդունել»

«15 ամիս է անցել այն ժամանակից, երբ մեր երկրում քաղաքական փնտրտուք սկսվեց, որի նպատակն էր երկրում հաստատել քաղաքացիական համերաշխության, ազգային համաձայնության և հասարակական համաձայնության մթնոլորտը»,- հայտարարեց ԱԺ պատգամավոր Արամ Սաֆարյանը` ներկայացնելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ՀՀ նախագահի կողմից ներկայացված համաներման մասին նախագծի վերաբերյալ:

Ա. Սաֆարյանը հիշեցրեց, որ անցած բոլոր ամիսների ընթացքում ԲՀԿ-ն մշտապես հանդես է եկել «Մի վնասիր» սկզբունքով, հետևողականորեն նպաստել է հանդուրժողական մթնոլորտի կայացմանը:

«Այսօր ունենք մի փաստաթուղթ, որն անշուշտ իրավական է, քաղաքական և մարդասիրական է: Այս փաստաթուղթը միայն չի վերաբերում մարտի մեկի իրադարձությունների հետևանքով ձերբակալվածներին, այն ավելի լայն է և վերաբերում է գթասրտությանը կարոտ շատերին»,- իր ելույթում ընդգծեց Ա. Սաֆարյանը:

Ա. Սաֆարյանը նշեց, որ համամիտ է այսօրվա նիստում հնչած մի շարք պատգամավորների հետ այն առումով, որ «միայն ուժեղը կարող է լինել մարդասեր, հանդուժող և բարի, և ՀՀ իշխանությունը, հայտարարելով համաներման մասին ակտը, ցույց կտա, որ ուժեղ է, մարդկային և պատրաստ է կառուցողական, օգտակար ու փոխշահավետ քննարկումների»:

«Հրապարակներից պետք է քաղաքական քննարկումները տեղափոխել քաղաքական դահլիճներ, որտեղ պետք է ընթանան ամենաթեժ մարտերը, որոնք կվերջանան փոխհամաձայնության և հանդուրժողական մթնոլորտում»,- կարծում է պատգամավորը, ով համոզված է, որ «Հայաստանում չկա այնպիսի քաղաքական հարց, որը հնարավոր չէ լուծել քաղաքական հանդուրժողական մթնոլորտի վրա»:

Ա. Սաֆարյանը նշեց նաև, որ ԲՀԿ-ն «կողմ է եղել ԵԽԽՎ բոլոր բանաձևերի կատարմանը և ուրախ է, որ այս ակտով կատարում ենք այն պահանջներից մեկը, որը խանգարում էր կառուցողական երկխոսության մթնոլորտին»:

«Հարյուրավոր մարդիկ ազատություն կստանան իշխանության մեծահոգության շնորհիվ, սա մեծ երևույթ է և այն պետք է ընդունել»,- ամփոփելով իր ելույթն` ընդգծեց Ա. Սաֆարյանը:

19.06.2009, 17:09

Aysor.am

No comments:

Post a Comment