«Մարտի 1-ին ովքե՞ր են օգտագործել այդ մարտական զենքը և հատուկ միջոցը: Այդ անձանց նկատմամբ մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ: Ինչու՞ են կիրառել այդ մարտական զենքը: Այդ մարտական զենքից մեր կառավարությունն ու՞նի, թե՞ ոչ, և ե՞րբ է պատրաստվում այն կիրառել»,- այս հարցադրումներով ԱԺ այսօրվա նիստում Կառավարությանը դիմեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Հարցի սկզբում Զ. Փոստանջյանը հիշեցրեց, որ «Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո զոհվեց 10 մարդ, որոնցից 3-ը զոհվել է ոստիկանության կողմից կիրառված մարտական զենք` հատուկ կարաբինի և հատուկ միջոցներ` «Չերյոմուխա 7-ի» օգտագործմամբ:
Հարցին պատասխանող ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը հայտնեց, որ «չի պատրաստվում հանգամանորեն անդրադառնալ հարցադրումների բոլոր բաղադրիչներին, քանի որ պատգամավորի բարձրացրած բոլոր հարցերն այժմ գտնվում են նախաքննություն իրականացնող մարմինների տեսադաշտում»:
«Նախաքննության նյութերի գաղտնության մասը ես չեմ ուզում ձեզ իրազեկել, և դրանք այն չափով, որ չափով այդ մարմինները հնարավոր կգտնեն, կհրապարակեն: Մնացած հարցերը գտնվում են ԱԺ-ի կողմից ստեղծված հանձնաժողովում և քննական առարկա են»,- բացատրեց Գ. Դանիելյանը:
Գ. Դանիելյանը ընդգծեց, որ «Կառավարությունն այսօր իրավասու չէ որևէ նյութ տրամադրել, թեկուզ այդ հարցերի մեծ մասն արդեն հրապարակվել է»:
Զ. Փոստանջյանը միայն ցանկացավ ճշտել` կա՞ն ոստիկաններ, որոնք մեղադրվում են նման զենք կիրառելու մեջ, որի իրավասությունն իրենք չեն ունեցել: Ի պատասխան` Գ. Դանիելյանը հայտնեց, որ գործը գտնվում է քննչական հատուկ ծառայության վարույթում: Նա խոստացավ հարցում կատարել քննչական հատուկ ծառայությանը, և եթե այդ հարցին իրենք իրավասու լինեն պատասխանել, ինքն էլ պատգամավորներին կպատասխանի:
10.06.2009, 19:16
No comments:
Post a Comment