
«Հայարտ» մշակութային կենտրոնում հունիսի 19-ին տեղի է ունենալու գեղանկարիչ Նարինե Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը: Այս մասին Aysor-ին տեղեկացրեց «Հայարտ» մշակութային կենտրոնի ադմինիստրատոր Նախշուն Սահակյանը:
Նշենք, որ Նարինե Գրիգորյանի ստեղծագործությունները մանրանկարչության ոճում են: Այս ցուցահանդեսում ներկայացվելու են հեղինակի «Հայոց Այբուբենը», «Հավերժություն», «Կոմիտաս» շարքերը, ինչպես նաև հոգևոր թեմաներով այլ ստեղծագործություններ:
Սա Նարինե Գրիգորյանի երկրորդ անհատական ցուցահանդեսն է: Առաջինը տեղի է ունեցել 2006 թ-ին Բեյրութում` Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի հրավերով`տեր և տիկին Թերզյանների հովանավորությամբ:
Հեղինակի աշխատանքները ցուցադրվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Ռուսաստանում, Իտալիայում: Ն. Գրիգորյանը զբաղվում է նաև տիկնիկագործությամբ, հագուստի մոդելավորմամբ և դիզայնով, ստեղծագործում է երաժշտության և գրականության ասպարեզում, «Խատուտիկ» մանկական պարային համույթի գեղարվեստական ղեկավարն ու պարուսույցն է:
Ինչպես տեղեկացրեց «Հայարտ» մշակութային կենտրոնի ադմինիստրատոր Նախշուն Սահակյանը` ցուցահանդեսի բացումը տեղի է ունենալու 16:00-ին, և այն գործելու է մինչև հունիսի 29-ը: Մուտքն ազատ է:
16.06.2009, 13:10
No comments:
Post a Comment