Tuesday, June 30, 2009

Համերգ` նվիրված բարեգործական ակցիայի մասնակիցներին

Այսօր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է դասական երաժշտության երեկո, որը տեղի կունենա Նարեկացի արվեստի միությունում, երեկոյան ժ. 18:00-ին: Համերգը նվիրված է ՀԿ-ի կազմակերպած «Գրքեր կալանավորների համար» ակցիային օժադակած քաղաքացիներին և կազմակերպություններին:

Ինչպես Aysor-ին տեղեկացրեց կազմակերպության կամավոր անդամ լիտվացի Լաուրա Վալոսկայտեն` «Գրքեր կալանավորների համար» նախաձեռնություն-ակցիան անցկացվել է մարտից մինչև մայիսի վերջն ընկած ժամանակահատվածում, որի հիմնական նպատակն է կալանավայրերի գրադարանները համալրել տարբեր տեսակի գրքերով և բարելավել գրադարանների պայմանները:

Նախաձեռնության հեղինակների հավաստմամբ Խորհրդային Միության փլուզումից հետո կալանավայրերը մատնվել են անտարբերության, չկա ընդհանուր կանոնակարգ կամ որևէ մարմին, որը հոգ կտանի այդ մասին:

Կազմակերպությունը ցանկություն ունի ի վերջո փոխել այդ իրավիճակը և այդ ուղղությամբ տանող քայլերից մեկն էլ հանդիսացավ «Գրքեր կալանավորների համար» բարեգործական ակցիան, որի իրականացումը հնարավոր դարձավ շնորհիվ այն մարդկանց, ովքեր մեծահոգաբար իրենց անձնական գրադարաններից նվիրեցին գրքեր, ամսագրեր, տեղեկատվական հրատարակումներ և այլ նյութեր:

Լաուրա Վալոսկայտեն հայտնեց, որ իրենց հաջողվել է հավաքել 2 000-3 000 կտոր գիրք: Գրքերի համակարգումից հետո դրանք այս և մյուս շաբաթվա ընթացքում հանձնվելու են Հանրապետության 5 կալանավայրերի:

Նվիրատվությունը հիմնականում կատարել են հասարակ մարդիկ, ինչպես նաև այնպիսի կազմակերպություննր, ինչպիսիք են` ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակը, ԵԽ Հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, հայկական մի շարք կրթօջախներ, հիմնադրամներ և այլն:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կազմակերպած դասական համերգի ծրագրում հնչելու են հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ` Լևոն Առաքելյանի (թավջութակ) և Օլգա Արզումանյանի (դաշնամուր) կատարմամբ:

22.06.2009, 12:39

Aysor.am

No comments:

Post a Comment