
Այսօր Հայաստանի Նկարիչների միությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նկարիչների միության հետ համատեղ տեղի ունեցավ Արցախի նկարիչների ցուցահանդեսի բացումը: Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների նախագահներ Հովիկ Աբրահամյանը և Աշոտ Ղուլյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և այլ պաշտոնատար անձինք:
«Այսօր բացվում է մի ցուցահանդես, որի նմանը վաղուց չենք ունեցել: Սա պետք է դիտել ոչ միայն որպես մշակութային երևույթ, այլև որպես մեր ազգի մի մասի հոգու խոսք, մտքի իղձեր` արտահայտված կերպարվեստում»,- բացման խոսքում հայտնեց Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյան:
Ցուցահանեսում ներկայացված էին արցախցի 35 նկարիչների շուրջ 115 ստեղծագործություններով: Ստեղծագործությունների հիմնական թեման Արցախն էր, Արցախյան ազատամարտը, կյանքը պատերազմի տարիներին, ինչպես նաև` Արցախի վրածնունդը:
Արցախի Նկարիչների միության նախագահ Լենորդ Զաքարյանը իր խոսքում նշեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի և Արցախի նկարիչները համագործակցում են, ինչը նպաստում է արցախյան նկարչության զարգացմանը:
«Շատ ուրախ եմ, որ Արցախի հիասքանչ պատկերը լինելու է Երևանի կենտրոնում: Ես` որպես մշակույթի նախարար, ցանկանում եմ, որ մյուս ոլորտներում ևս Արցախի և Հայստանի համագործակցությունը կայանա»,- հայտնեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ցուցահանդեսի մասնակից Արկո Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ինքը լավատես է և վստահ, որ կգա մի ժամանակ, որ «Հայաստանի երկու մասերը միասին կլինեն»: Նա նշեց, որ արցախցին հանգիստ է, քանի որ ոչ թե «հող է գրավել, այլ իրենց հարազատ հողերն է հետ վերցրել, ինչը նշանակում է, որ արցախյան հիմնահարցը, ի վերջո, դրական լուծում է ստանալու»:
16.06.2009, 19:16
No comments:
Post a Comment