
«Վերջին ժամանակներում թուրք-սիրիական ջերմ հարաբերությունները սերտորեն կապված են հայ-սիրիական հարաբերությունների սառեցման հետ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց արևելագետ Սուրեն Մանուկյանը:
Պատմական ակնարկ կատարելով` Ս. Մանուկյանը հիշեցրեց, որ մինչև 2000 թ-ը` Բաշար Ալ-Ասադի նախագահությունը, թուրք-սիրիական հարաբերությունները բավականին վատ էին: Նա նշեց, որ նույնիսկ կար ժամանակ, երբ խոսք էր գնում ռազմական բախման մասին:
«2000 թ-ից հետո նկատելի է անշեղորեն զարգացում: Համաձայնություններ կնքվեցին սիրիայի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող բոլոր վիճելի հարցերի շուրջ»,- մանրամասնեց Ս. Մանուկյանը:
Արևելագետի կարծիքով, հայ-սիրիական հարաբերությունների սառեցումը և Հայոց ցեղասպանության հետ կապված դիրքորոշումների փոփոխությունը կապված է հենց թուրք-սիրիական հարաբերությունների զարգացման հետ:
Միևնույն ժամանակ Ս. Մանուկյանը վստահ է, որ Սիրիայի նախագահի` Հայաստան կատարելիք այցելությունը չի խոչընդոտի Թուրքիայի հետ հարաբերություններին:
«Սիրիայի արտգործնախարաը Հայաստանում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հատուկ շեշտեց, որ Սիրիան շատ ոգևորված է հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումով: Այս այցը տեղավորվում է հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցող որոշակի փոփխությունների մեջ և սա ամենահարմար առիթն է, երբ Սիրիայի նախագահը կարող է գալ Հայաստան` չնեղացնելով իր դաշնակից երկիր Թուրքիային»,- մանրամասնեց Ս. Մանուկյանը:
Ս. Մանուկյանը տեղեկացրեց նաև, որ սիրիական մամուլն ակտիվ քննարկում է վերոնշյալ հարցը: Մամուլում ի հայտ են գալիս այնպիսի տեսակետներ, ինչպիսին է հայ-թուրքական հարաբերություններում Սիրիայի` որոշակիորեն միջնորդի դեր ստանձնելու հարցը:
Հայ-սիրիական հարաբերությունների սառեցման գործընթացում, ըստ արևելագետի, պակաս դերակատարում չունի Սիրայում հայկական համայքի փոքրացումը: Ս. Մանուկյանը նշեց, որ Սիրիայի հայկական համայնքը վերջին ժամանակներս մեծ ծավալներով տեղափոխվում է բնակություն հաստատելու Կանադայում և ԱՄՆ-ում:
Ս. Մանուկյանը գտնում է, որ հայ-սիրիական հարաբերությունների զարգացման համար կարևոր է Սիրիայում հայկական համայնքի պահպանումը, ինչին կնպաստի հայ ուսուցիչների` Սիրիա գործուղումը:
16.06.2009, 17:27
No comments:
Post a Comment