«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով ընտրվեց ԱԺ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, պատգամավորներին ներկայացրեց, թե ինչպես է ինքը պատրաստվում կազմակերպել հանձնաժողովի աշխատանքները:
«Գիտեք, որ Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրով բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել պետական կառավարման, մարդու իրավունքների, ժողովրդավարության, սոցիալական, կրթական, հումանիտար ոլորտներում: Այժմ հանգամանալից չեմ ուզում անդրադառնալ խնդիրներին, կասեմ միայն, որ այստեղ շատ կարևոր է լինելու խորհրդարանի մասնակցությունը»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Ն. Զոհրաբյանն անդրադարձավ նաև Հայաստանի` Եվրախորհրդի առաջ ունեցած պարտավորությունների կատարմանը` նշելով, որ դրանք գրեթե կատարված են` բացառությամբ 1609, 1620 և 1643 բանաձևերի: Նա նաև նշեց, որ Հայաստանը, լինելով ԵԽ լիիրավ անդամ, ունի ոչ միայն պարտավորություններ, այլև իրավունքներ:
«Կարծում եմ, որ Եվրախորհրդարանի խորհրդարանական ամբիոնը մենք կկարողանանք լիարժեքորեն օգտագործել` իրականացնելու մեր իրավունքները»,- ընդգծեց Ն. Զոհրաբյանը:
Ըստ Ն. Զոհրաբյանի, եվրոպական արժեքները կենսունակ են հատկապես այն երկրներում, որոնք դրանք կրում են:
«Ես կարծում եմ, որ Հայաստանը եվրաարժեքների համակարգի մի մասն է, այդ արժեքները` մարդու իրավունքները, օրինականությունը, արդարությունը, ժողովրդավարության ձգտումը, մեզ համար բնական արժեքներ են»,- ընդգծեց ԱԺ պատգամավորն ու հավելեց. «Իհարկե, միշտ չէ, որ մեզ հաջողվում է հանրությանը հստակ ներկայացնել այդ արժեքները, միշտ չէ, որ մեր քաղաքական մշակույթում այդ արժեքները լիարժեքորեն արտացոլված են, բայց հստակ է, որ դա մեր ձգտումն է և բոլորս պետք է ջանք գործադրենք այդ չափորոշիչներին համապատասխան մեր երկրի ապագան կառուցելու համար»:
Ամփոփելով խոսքը` Ն. Զոհրաբյանը նշեց, որ Եվրաինտեգրացիայի հանձնաժողովի փորձագիտական բազան բավարար չէ մեր օրենսդրությունը եվրոպական օրենսդրությանը համապատասխանեցնելու համար, և հանձնաժողովը դրա համար ունենալու է այլ գործիքների կիրառման անհրաժեշտություն:
«Վստահ եմ, որ համագործակցելու ենք ԱԺ այլ կառույցների փորձագիտական խմբերի հետ, օգտագործելու ենք արտախորհրդարանական գործիքները, հույս ունեմ, որ ԱԳ նախարարության հետ կկարողանանք շատ ճիշտ աշխատանք և մարդկային հարաբերություններ ձևավորել»,- ասաց Ն. Զոհրաբյանն ու հայտնեց հանձնաժողովին կից փորձագիտական խումբ ստեղծելու մտադրությունների մասին, որում ներգրավված կլինեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք իրենց կանոնակարգային իրավասությամբ զբաղված են եվրաինտեգրման հարցերով:
08.06.2009, 21:27
No comments:
Post a Comment